Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, հումանիտար ճգնաժամ է՝ սովի իրական վտանգ կա։
«Ի՞նչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում. Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է: Ի՞նչ է նշանակում հումանիտար ճգնաժամ. Լեռնային Ղարաբաղ ընդհանրապես սնունդ չի մատակարարվում, արտաքին մատակարարման սնունդ չկա, չկան առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ, չկա մանկական սնունդ, չկա դեղորայք, չկան հիգիենիկ պարագաներ, չկան առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ, Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը դադարեցված է Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղին էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցված է Ադրբեջանի կողմից, վառելիքի մատակարարումը դադարեցված է Ադրբեջանի կողմից: Եվ այս առումով մենք այնտեղ սովի իրական վտանգի առաջ ենք կանգնած, առողջապահական խնդիրների և այլն, և այսպես շարունակ:
Նախ ես կուզենայի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը տարանջատել Ձեր թվարկած մյուս գործոններից, որովհետև Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ունի պարտադիր իրավական ուժ, այսինքն՝ դա միջազգային բարձրագույն դատական ատյանն է, որի որոշումներն ունեն բարձրագույն իրավական ուժ և այդ դատարանը Հայաստանի դիմումի հիման վրա սույն թվականի փետրվարի 22-ին ընդունել է որոշում, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իրեն հասու բոլոր քայլերը՝ Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների, ապրանքների և քաղաքացիների երկկողմանի շարժն ապահովելու համար, և հուլիսի 6-ին այդ որոշումը վերահաստատել է:
Սա շատ կարևոր է նաև միջազգային իրավակարգի տրամաբանության տեսակետից, որովհետև Միջազգային իրավունքի բարձրագույն դատական ատյանի որոշումը չի կատարվում: Դա ընդհանրապես օրենքի և օրինականության տեսակետից, կարծում եմ, գլոբալ առումով վատ մեսիջ է և մտածելու նյութ՝ միջազգային հանրության համար, համենայնդեպս, մենք աշխատելու ենք այս խնդիրը միջազգային ատյաններում բարձրացնելու համար»,-ասել է վարչապետը։
Լրագրողի այն դիտարկմանը, որ Բաքուն ասում է, թե Աղդամով երթուղին բաց է` Փաշինյանն ասել է, որ խոսքն այն փաստաթղթի մասին է, որն ունի միջազգային փաստաթղթի կարգավիճակ և պետք է դուրս լինի Ադրբեջանի վերահսկողությունից։
«Ես չգիտեմ Դուք ինչի մասին եք խոսում, որովհետև ես խոսում եմ այն փաստաթղթի մասին, որը ես ստորագրել եմ և որն ունի միջազգային փաստաթղթի կարգավիճակ: Այնտեղ շատ հստակ գրված է, որ Լաչինի միջանցքը, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և որը ոչ թե զուտ ճանապարհ է, այլ 5 կմ լայնությամբ տարածություն, պետք է դուրս լինի Ադրբեջանի վերահսկողությունից և որը պետք է ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև:
Այդ ճանապարհը փակ է, եթե որևէ մեկը կասկածում է, Դուք կարող եք հենց հիմա փորձել գնալ դեպի Լեռնային Ղարաբաղ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն հայտարարեց, որ Լաչինի միջանցքի փակ լինելու բերումով ինքը չունի հնարավորություն հումանիտար օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ: Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է՝ նախ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պաշտոնապես հայտարարում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն հասցնելու անհրաժեշտությունը, հակառակ դեպքում չէր ասի, որ ես չեմ կարող օգնություն հասցնել, և երկրորդը՝ արձանագրում է, որ ինքը դա չի կարող անել և երրորդը՝ չի կարող անել Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով: Սրան հետևեց նաև, եթե չեմ սխալվում, Freedom House միջազգային կազմակերպության արձագանքը՝ կոչով, որ պետք է ապահովել հումանիտար բեռների հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ:
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել և այսօր ճանապարհին է այդ օգնությունը՝ 400 տոննա հումանիտար բեռ ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Տեսնենք՝ կգնա՞ Լեռնային Ղարաբաղ այդ օգնությունը, թե՝ ոչ: Այսինքն, ըստ եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշման, այդ հումանիտար օգնությունը պետք է տեղ հասնի: Հիմա կտեսնենք՝ տեղ կհասնի՞, թե՝ ոչ»,-ասել է վարչապետը։
Euronews հեռուստաընկերությանը նույն հարցերի շուրջ հարցազրույց է տվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ընտրություն կատարեն՝ ապրեն որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կամ հեռանան։ Նա ասել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը մինչ օրս որոշված չէ և դա է գլխավոր հարցը։