«Ախուրյան սահմանամերձ կայանում լոգիստիկայի կենտրոնի գործունեությունը հիմնականում կուղղորդվի բեռնաառաքիչների պահանջների բավարարմանը», – լրագրողներին հաղորդել է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ենթակառույցի հարցերով տեղակալՄարատ Խակովը երեքշաբթի օրը կայացած մամոլ ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, դա կլինի համատեղ նախագիծ «Մետեկսիմ» ՍՊԸ մասնակցությամբ, որտեղ կողմերից յուրաքանչյուրը կունենա իր մասնաբաժինը: Ընկերության տնօրենների խորհուրդը հավանություն է տվել այդ նախագծին:
Ինչպես ասել է Խակովը, նախագիծը պարզապես հավանության է արժանացել, սակայն որեւէ պայմանագիր առայժմ չի ստորագրվել: «Ամեն ինչ կախված է սահմանի բացման ժամկետներից, նախատեսվող փոխադրումների ծավալից», -ասել է նա: Այդ առնչությամբ, «ՀԿԵՈՒ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ենթակառույցի հարցերով տեղակալը նշել է, որ իրականացվում է ողջ հատվածի, ենթակառույցի, ընկերության կողմից առաջարկվելիք ծառայութների ուսումնասիրություն, հետազոտվում է նաեւ իրացման շուկան, որից հետո միայն կքննարկվեն պայմանագրի պայմաններն ըստ մասնաբաժնի, մասնակցության եւ ֆինանսավորման:
Հայ-թուրքական սահմանի բացման հարցի ձգձգման դեպքում նախագիծը չի սառեցվի: «Այն կգործի Հայաստանի Հանրապետության սահմաններում` մենք ծառայություններ կմատուցենք բեռնահամալիրում, բեռների բարձման եւ բեռնաթափման գործում, այսինքն` լոգիստիկայի կենտրոնն ինչ-որ մակարդակով կգործի», – ավելացրել է Խակովը:
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերսկսման եւ երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ երկխոսության ակտիվացման առնչությամբ «Հարավկոսվկասյան երկաթուղի» ՓԲԸ-ը որոշում է կայացրել Լոգիստիկայի միջազգային կենտրոնի կազմակերպման համար դուստր ձեռնարկության ստեղծման շուրջ: Կենտրոնի խնդիրը կլինի առավել օպտիմալ երթուղով փոխադրումների կազմակերպման համակարգի կազմավորումն ամենակարճ ժամկետում, նվազագույն ծախսերով, ինչպես նաեւ առաքման օբյեկտի համար նվազագույն վնասով:
Ձեռնարկության ստեղծման գաղափարն արդեն արժանացել է «Ռուսական երկաթգծեր» ԲԲԸ բարձրագույն ղեկավարության հավանությանը: Ներկայումս մշակվում է նախագծի բիզնես-պլանը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ը «Ռուսական երկաթգծեր» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ը հանձնվել է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ը կոնցեսիոն կառավարմանը` համաձայն 2008 թվականի փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` եւս 10 տարով երկարացման իրավունքով: