AM
18 August 2023 - 09:48 AMT

Հրապարակի Հայփոստի շենքը կմասնավորեցվի

Հանրապետության հրապարակում գտնվող Հայփոստի մասնաշենքը կմասնավորեցվի և կվերածվի Բաց բաժնետիրական ընկերություն: Որոշումն ընդունվել է գործադրիր օգոստոսի 17-ի նիստում։

Նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որի առաջին փուլով «Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերության ստեղծումն է։ Հաջորդ փուլերով նախատեսվում է նոր ստեղծված ընկերությունն ընդգրկել մասնավորեցման ծրագրում և ֆոնդային բորսայի միջոցով իրականացնել մասնավորեցման գործընթացը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, ասել է, որ բավական երկար քննարկված հարց է։

«Լավ լուրն այն է, որ մենք ինչ քննարկում ենք, դրանք ի վերջո դառնում են որոշումներ: Հիշում եք՝ մենք մի քանի անգամ քննարկել ենք այն հարցը, որ գրավիչ գույքերը դրվում են մասնավորեցման, բայց հետաքրքրություն չեն առաջանում: Մենք դեռևս ՔՈՎԻԴ-ի շրջանում քննարկել ենք այս հարցը, մտածում էինք, թե ինչ լրացուցիչ քայլեր կարող ենք անել տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով»:

Ընկերությունը մասնավորեցման ծրագրում ընդգրկվելու աշխատանքներին զուգահեռ պետք է կատարվեն նաև այլ աշխատանքներ՝ կապված գույքի գրավչության բարձրացման հետ։ Խոսքը ներդրումային (գործարար) նախնական ծրագրի մշակման, քաղաքաշինական, կոմունիկացիոն (ջրամատակարարում և ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում) սահմանափակումների, ինչպես նաև ենթակառուցվածքի ստեղծման կամ բարելավման հետ կապված խնդիրների լուծման մասին է։

Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքն իրենից բացառիկ արժեք է ներկայացնում իր տեղակայման, պատմական և մշակութային հուշարձան լինելու, ինչպես նաև շքեղ ճարտարապետության շնորհիվ, սակայն շենքի ներքին հարդարումը մեղմ ասած գտնվում է անմխիթար վիճակում և ունի կապիտալ վերանորոգման և ժամանակակից լուծումներով արդիականացնելու անհրաժեշտություն։ Այս ամենն իրականացնելու համար պահանջվում են խոշոր ֆինանսական միջոցներ, ինչը նախատեսվում է իրականացնել ոչ պետական միջոցների ներգրավմամբ։ Անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է 16,913,200.0 հազ. դրամ, ինչն էլ ընկած է նոր ստեղծվող ընկերության կանոնադրական կապիտալի հիմքում։

Նախնական ժամանակահատվածում ընկերության գործունեությունը և մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուն զուգահեռ այլ աշխատանքների իրականացումը՝ նախատեսվում է ապահովել տարածքը վարձակալությամբ տրամադրելու դիմաց ստացվող վարձավճարների հաշվին։

Գործադիր մարմնի կողմից 12-ամսյա ժամկետում կներկայացվի ընկերության գործունեության եռամյա ծրագիր, որն ուղղված կլինի Ընկերության գույքի կառավարման արդյունավետության և գրավչության բարձրացմանը, իսկ կոմիտեի նախագահն ընկերության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն կներկայացնի ՀՀ կառավարություն։