AM
28 April 2009 - 17:56 AMT

Մինչեւ մայիսի ավարտը Հայաստանում կգործեն բանկերի անալոգ` դրամ ընդունող բանկոմատները

«Սա արդեն երրորդ բանկային գագաթնաժողովն է, որ մենք կազմակերպում ենք եւ որտեղ ներկայացնում ենք աշխարհում բանկային ծառայությունների տրամադրման ոլորտում առկա բոլոր նորագույն տեխնիկական նվաճումները»,-հաղորդել է MTD ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Փոլուսյանը Երեւանում ընթացող բանկային գագաթնաժողովում, որը նվիրված է «Բանկային քարտեր, առաջատար լուծումներ» թեմային:

Նրա խոսքերով, Հայաստանն ԱՊՀ այն եզակի երկրներից է, որը պարբերաբար կիրառում է նորագույն տեխնոլոգիական նվաճումները: «Մենք առաջինն էինք cash-in ֆունկցիայով բանկոմատների ներդրման գործում»,-ասել է նա` հավելելով, որ նման բանկոմատները Հայաստանում 15-են (վաճառված), դրանք արդեն կարող են դրամ ընդունել, սակայն, ArCA-ի նոր վերահսկմանն անցնելու կապացությամբ դրանց գործարկումը հետաձգվեց:

Ինչպես ասել է Փոլուսյանը, ըստ ArCa-ի գործարկումը կիրականացվի մինչեւ մարտի վերջ, եւ համապատասխանաբար վարկերի մարումը, հաշիվների համալրումը կիրականացվի բանկոմատների միջոցով: «Գործնականում այն կարելի է ընկալել որպես բանկի բաժանմունք` հաճախորդը չի գնա բանկ, հերթ չի կանգնի»,-հավելել է նա:

«Բանկային գագաթնաժողով-Հայաստան 2009»-ին մասնակցել են NCR, Hypercom, Cubernet, Inpras, R-Stayle եւ այլ ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանի տարածքում գործող գրեթե բոլոր բանկերի ներկայացուցիչները:

Գագաթնաժողովում լսվեցին զեկույցներ բազմաճյուղ վարկային հաստատությունների ավտոմատացման համալիր համակարգերի, հայկական դրամի ընդունման մտավոր դեպոզիտի մշակման նախագծի, վճարային տերմինալների նոր գծերի վերաբերյալ, ինչպես նաեւ տեղի ունեցավ սարքավորումների ցուցադրություն:

Գագաթնաժողովի կազմակերպիչներն են երեք ընկերություններ` «MTD», «Սմարթ Տեխ» եւ «Մարտ Տեստ»-ը, որոնք մասնագիտանում են բանկային սարքավարումների մատակարարման եւ ծրագրային ապահովման ոլորտներում: