AM
7 September 2023 - 09:57 AMT

ՀՀ-ում զբոսաշրջային 20 գոտի կստեղծվի

2024 թվականին Հայաստանի ամբողջ տարածքում 20 զբոսաշրջային գոտի կստեղծվի՝ ծրագիրն իրականացվելու է Համաշխարհային բանկի հետ: Այս մասին ասել է Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ Հայաստանն այս պահին ներկայանում է 4 ուղղությունով՝ մշակութային, բնապահպանական, արկածային, ինչպես նաև խոհանոցի և հայկական գինու:

«Լինելու են զբոսաշրջության գոտիներ, որտեղ այցելուները կկարողանան մնալ 1 օրից ավելի և բացահայտել Հայաստանը: Առաջին 3 ուղղության մասով արդեն աշխատանքներ տարվում են: Դրանցից մեկն Արենին է՝ գինու, Գյումրին՝ մշակույթի, Դիլիջանը՝ արկածային և բնապահպանական ուղղություններով»,- ասել է Պօղոսեանը:

Անդրադառնալով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությանը, նա ընդգծել է, որ զբոսաշրջային ուղղությունների ճանապարհների բարեկարգման և նորոգման հարցն ակտիվ փուլում է, և աշխատանքները փուլ առ փուլ ընթանում են:

Պօղոսեանը վստահեցրել է՝ Համաշխարհային բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերի շնորհիվ դեպի Ենոքավան գյուղ տանող ճանապարհը, որտեղ արկածային տուրիզմի համար ստեղծված են շատ հարմարություններ, մինչև մյուս տարի կնորոգվի, իսկ Գառնի և Գեղարդ տանող ճանապարհներն էլ հիմնանորոգվում են (այստեղ սողանքներ են լինում. խմբ.):

Նա նաև ընդգծել է, որ այս պահին զբոսաշրջության հետ կապված բավականին մեծ շարժ կա երկրում:

Առաջին 8 ամսում մոտ 1 մլն 600 հազար զբոսաշրջիկ է եկել Հայաստան, սա գրեթե մոտ է ամբողջ 2022 թվականի թվերին: Միայն օգոստոսին այս տարի 328,000 զբոսաշրջիկ է այցելել ՀՀ: Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը շեշտել է, որ Հայաստանում 1 ամսվա կտրվածքով նման թիվ չի եղել, և իրենք շատ ուրախ են դրա համար:

Զբոսաշրջիկները գալիս են Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից:

Զբոսաշրջության կոմիտեն Հայաստանը բավականին շատ գովազդում է նաև Դուբայում և ըստ Պօղոսեանի, հենց այդ պատճառով բավականին մեծ շարժ կա նաև այնտեղից: Արաբական Միացյալ Էմիրությունների բնակիչները շատ են ընտրում Հայաստանի ուղղությունը հատկապես ձմռան ամիսներին, քանի որ նրանց համար հետաքրքիր առաջարկներ կան:

Նա նշել է, որ վերջին շրջանում հաճախ նաև ֆիլիպինցիների կարելի է տեսնել, որոնք հենց Դուբայից են գալիս: Նրանք այստեղ գալիս են վիզայի հետ կապված հարցերը լուծելու համար, բայց նաև Հայաստանն իրենց համար հետաքրքիր ուղղություն են համարում: