Երևանյան լճի վրա բացվել է առաջին լողացող արևային ֆոտովոլտային կայանը։ Այն կառուցվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ և Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ:
Բացման արարողությանը մասնակցող ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ողջունել է նախաձեռնությունը և հույս հայտնել, որ չնայած լողացող արևային կայանի հզորությունը փոքր է, սակայն այն ու նմանատիպ այլ կայաններ կարող են նոր հեռանկարներ բացել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացման համար:
«Վստահ ենք, որ նմանատիպ ծրագրերն ունենալու են դրական ազդեցություն և նպաստելու են ոլորտի զարգացմանը և Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը»,- ասել է նա։
Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և այլ պաշտոնյաներ։