Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներկրումը խթանելու համար ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգվել է ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հիմնական խնդիրը մեքենաների լիցքավորումն է:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեքենաների թարմության որոշակի ցենզի մասին հարցին պատասխանել է, որ այդպիսի ցենզ դեռ չի դրվել, որպեսզի շահառուների կրիտիկական քանակ ձևավորվի, հայտնում է Factor.am-ը։
«Այս ոլորտում երկու մեծ պրոբլեմ ունենք՝ մեկը մեքենաների ուտիլիզացիան է, մեզ պետք են ենթակառուցվածքների զարգացման սցենարներ, բայց մենք 2025-ից կունենանք նպատակային խթանման ծրագիր, որովհետև իրոք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, որ ամբողջ աշխարհը ուտիլիզացման ենթակա տրանսպորտային միջոցները ուղարկի Հայաստան: Մենք ուշադիր հետևելու ենք, որ նման բան տեղի չունենա։
2024-ը կլինի լայնամասշտաբ արտոնության տարի, դրանից հետո կարգավորումներով այդ հարցերը կկարգավորենք, որպեսզի թիրախում լինի նոր մեքենան, նոր շահառուն»,- ասել է Մհեր Գրիգորյանը:
Սեպտեմբերի 13–ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Գրիգորյանն ասել էր, որ արտոնության այս երկարացումը, ամենայն հավանականությամբ, կլինի վերջին մեխանիկական երկարաձգումը։
«Էլեկտրական մեքենաների ուտիլիզացիոն ռեժիմը լրիվ այլ է: Շատ ավելի թանկ է և շատ ավելի լրացուցիչ անելիքներ է ենթադրում, և, կարծում եմ՝ մեր հետագա կարգավորումները նաև պետք է այդ հարցի պատասխանները և այդ հարցերը հասցեագրեն»,- ասել էր փոխվարչապետը: