Համակարգչային տեխնիկայի մատակարարներից մեկի` «Ras Computer Technologies»-ի գործադիր տնօրեն Արամ Չոփուրյանի խոսքերով, այսօրվա դրությամբ վաճառքի մակարդակը համեմատելի է 2001 թվականի մակարդակի հետ, իսկ անցյալ տարեվերջի համեմատությամբ, ապրանքաշրջանառությունը նվազել է ավելի քան 50 տոկոսով: «Պատճառը նրանում է, որ բնակչությունը կանխկի գումար չունի, իսկ բանկերը, իրենց հերթին, հրաժարվում են վարկ տրամադրել», – ասել է նա:
Ինչպես պարզել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, նույնատիպ իրավիճակ է տիրում նաեւ համակարգչային տեխնիկայի մյուս մատակարարների մոտ, մասնավորապես «Bi Line»-ում, որի ապրանքաշրջանառությունը նվազել է 30 տոկոսով, «Dolphin» եւ «Lans» խանութներում` համապատասխանաբար 60 եւ 80 տոկոսով:
Այնպիսի հսկաների, ինչպիսիք են «Intel»-ը եւ «Cisco Systems»-ը, Հայաստանում պաշտոնական գործընկերը հանդիսացող «Unicomp» ՓԲԸ առեւտրային բաժնի տնօրեն Զարուհի Մկրտչյանի խոսքերով, համակարգչային տեխնիկայի արտադրողները գերադասում են նվազեցնել արտադրանքի այդ տեսակի արտադրությունը, այլ ոչ գները: