AM
14 September 2023 - 11:28 AMT

Գործադիրը փոխզիջման չի գնա վրացական պետհամարանիշերով մեքենաների հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով վրացական պետհամարանիշերով մեքենաների շահագործման խնդրին, հայտարարել է, որ չեն պատրաստվում փոխզիջման գնալ այդ հարցում։

«Եթե մարդիկ նման մեքենաներ ունեն ու նրանք Վրաստանի ռեզիդենտ են, օրենսդրությունը կարգավորում է այս հարցը, իսկ նրանք, որոնք դա օգտագործում են որպես հարկերից խուսափելու միջոց, միանշանակ այդ հարցը պետք է ամենակոշտ ձևով կասեցնել»,- ասել է վարչապետը, գրում է CivilNet.am

Նա պատմել է, որ անձամբ է առնչվել այս երևույթին․ «Երբ տեսա, որ Հայաստանում վրացական պետհամարանիշերով մեքենաներն ավելացել են, շատ ուրախացա՝ մտածելով, որ մեր կապերը, զբոսաշրջային հոսքերն ակտիվանում են, սակայն պարզվեց, որ դա իրականում մաքսային պարտավորություններից խուսափելու համար է»։

Փաշինյանը շեշտել է, որ այս հարցում որևէ փոխզիջում չի պատկերացնում։

Վրացական պետհամարանիշերի խնդրի վերաբերյալ հարցը բարձրացրած պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշել է, որ հաճախ ավտոմեքենայի գնից բարձր մաքսազերծման գումար է պահանջվում։

«Խնդիրը կարգավորման մեխանիզմն է, այսինքն՝ ստեղծենք այնպիսի մեխանիզմ, որ անձը կատարի իր հարկային պարտավորությունները, բայց դա չլինի չափից դուրս։ Այս պահից սկսած էլ արգելենք նոր մեքենաների ներմուծումը»,- նշել է պատգամավորը։

Ըստ Փաշինյանի՝ անձը պետք է վարի այն մեքենան, որն իր հնարավորությունների սահմանում է։

«Այդ սառեցման գումարն այդքան մեծ է դրված, որ անձը նախընտրի իր մեքենան մաքսազերծել Հայաստանում։ Հիմա բոլոր քաղաքացիներին ասենք՝ գնացեք օտարերկրյա համարանիշեր հանեք ու Հայաստանի Հանրապետությանը հարկ մի վճարե՞ք»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ նման խնդիր չեն ունենա Վրաստանի քաղաքացիները կամ երկքաղաքացիները։

Նա ամփոփել է, որ կարող են փոփոխություններ կատարել մոտեցումներում, սակայն ոչ ռազմավարական տեսլականի հարցում։

Պետական եկամուտների կոմիտեն օրենսդրական նախաձեռնություն է մշակում, համաձայն որի՝ վրացական պետհամարանիշով մեքենաների մաքսազերծման մասով փոփոխություններ են նախատեսվում: Առաջարկվում է Վրաստանում գրանցված մեքենաները Հայաստանում շահագործելու համար առանձին վճարում անել։

Ըստ ՊԵԿ-ի ներկայում ՀՀ տարածքում վերոհիշյալ կարգավիճակով շահագործվում է մոտ 10,000 միավոր ավտոմեքենա: Նշվում է, որ վճարումներ չեն կատարվում պետական բյուջե թե մաքսատուրքերի, թե ավելացված արժեքի հարկի և թե գույքահարկի գծով: Դրա փոխարեն ՀՀ-ում շահագործվող ավտոմեքենաների համար վերը նշված գումարները վճարվում են հարևան երկրի պետական բյուջե: