Հայաստանի Նկարիչների միությունում բացվել է Հայաստանի Նկարիչների միության նախագահ, նկարիչ Կարեն Աղամյանի աշխատանքների հեղինակային ցուցահանդեսը: Ապրիլի 29-ին բացված միջոցառմանը ներկայացված են աշխատանքներ, որոնք ստեղծվել են վերջին 20 տարիների ընթացքում: Ներկայացված կտավների բազմազանության մեջ, որոնք նկարչի կողմից ստեղծվել են 1988-2007թթ., հաճախ հանդիպում են Կարեն Աղամյանի սիրված թեմաները` առավոտ, կենտավրոս, հանդիպում, մարմինների, հոգիների ձուլում եւ այլն:
«Նրա աշխատանքները հատուկ տեղ են զբաղեցնում Հայաստանի ժամանակակից գեղարվեստական աշխարհում: Կարեն Աղամյանն իր աշխատանքներով լայնորեն ճանաչված է նաեւ արտասահմանում: Այս ցուցահանդեսը թույլ է տալիս հետեւել նկարչի ուղուն, տեսնել նրա երազանքները, կյանքին որպես երազ վերաբերվելը, ինչը զգացմունքորեն հաղորդված է նրա աշխատանքներում»,- այսպես է արվեստաբան Լեւոն Չուգասզյանը նկարագրել նկարչի աշխատանքները: