AM
2 October 2023 - 09:51 AMT

Բանկերը քննարկում են արցախցիների վարկային պարտավորությունների խնդիրը․ Ավանդները կսպասարկվեն

Բանկերը քննարկում են բռնի տեղահանված արցախցիների վարկային պարտավորությունների խնդիրը։ Այդ մասին հայտնել են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից ի պատասխան հարցի, թե քննարկվե՞լ է արդյոք թեման, ի՞նչ ծավալի մասին է խոսքը և ի՞նչ որոշում կա, տեղեկացնում է Factor.am-ը։

«Առևտրային բանկերն այս պահին գույքագրում են ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած և հնարավոր այլ խնդիրները, որի արդյունքում Կառավարության և Կենտրոնական բանկի հետ գործակցությամբ անհատական կամ ընդհանուր լուծումներ կառաջարկվեն և կներկայացվեն»,- ասել են ԿԲ–ից։

Կառույցից նշել են նաև, որ առանձնացված վիճակագրություն չի վարվում և չեն կարող տրամադրել։

Թե ինչ է լինելու արցախյան բանկերում, մասնավորապես՝ «Արցախբանկում», քաղաքացիների ավանդների հարցը, ԿԲ-ից տեղեկացրել են, որ Արցախում բանկերի բոլոր մասնաճյուղերը ՀՀ տարածքում լիցենզավորված և գրանցված բանկերի մասնաճյուղեր են, համապատասխանաբար, քաղաքացիների սպասարկումն իրականացվում և իրականացվելու է անկախ նրանց գտնվելու վայրից:

44-օրյա պատերազմից հետո բանկերը ներեցին Արցախի պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկերը՝ մոտ 2 մլրդ դրամի չափով: