AM
3 October 2023 - 13:29 AMT

ԿԲ. Տեղահանված արցախցիների վարկերի մասով անհատական կամ ընդհանուր լուծումներ կառաջարկվեն

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին, որոնք վարկեր կամ ավանդներ են ունեցել Արցախում եղած բանկերում, կսպասարկեն նույն բանկերի հայաստանյան մասնաճյուղերը։ Այդ մասին հայտնել են Կենտրոնական բանկից, տեղեկացնում է «Հետքը»։

Կենտրոնական բանկի գնահատականով՝ տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով, և վերջինիս վերաբերյալ տեղահանված քաղաքացիներն առաջին հերթին պետք է դիմեն իրենց սպասարկող բանկին՝ խնդիրները քննարկելու և լուծելու նպատակով:

«Արցախում գործող բանկերի բոլոր մասնաճյուղերը ՀՀ տարածքում լիցենզավորված և գրանցված բանկերի մասնաճյուղեր են: Համապատասխանաբար, քաղաքացիների սպասարկումն իրականացվում և իրականացվելու է անկախ նրանց գտնվելու վայրից։ Առանձնացված վիճակագրություն Կենտրոնական բանկը չի վարում և չի կարող տրամադրել»,- նշել են գլխավոր դրամատնից։

Առևտրային բանկերը, ըստ ԿԲ-ի, այս պահին գույքագրում են ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած վերոնշյալ և հնարավոր այլ խնդիրները։ Խոստանում են արդյունքում Կառավարության և Կենտրոնական բանկի հետ գործակցությամբ անհատական կամ ընդհանուր լուծումներ առաջարկել։

ԿԲ-ից նաև հետաքրքրվել էինք՝ Հայաստանում ինչպե՞ս է կազմակերպվելու բռնի տեղահանված արցախցիների ավանդների և ի պահ տրված գումարների վերադարձը։ ԿԲ-ի պատասխանից հետևում է, որ բանկերը նույնությամբ կսպասարկեն քաղաքացիներին այնպես, ինչպես Արցախում են սպասարկել։

Թե որքան վարկեր և ավանդներ են եղել Արցախում գործող բանկերում, ԿԲ-ն տվյալներ չի հայտնել։ Գլխավոր դրամատնից նաև չեն մանրամասնել, թե ինչ անհատական կամ ընդհանուր լուծումներ կարող են առաջարկել արացախցիներին, որոնք վարկային պարտավորություններ ունեն բանկերի նկատմամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։