ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։
Բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։
Ավելի վաղ Կենտրոնական բանկից մեկնաբանել էին վերջին օրերին նկատվող դրամի կտրուկ արժեզրկումը՝ նշելով, որ փոխարժեքի փոփոխությունները պայմանավորված են արտարժույթի շուկայում առաջարկի և պահանջարկի փոփոխություններով: Այդ մասին բանկից հայտնել էին «Ազատությանը։
Հոկտեմբերի 4-ի ժամը 11։50–ի դրությամբ, ըստ Rate.am կայքի, մեկ դոլարը գնվում է 415 դրամ նվազագույն և 430 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 455 դրամ նվազագույն և 460 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 433 դրամ նվազագույն և 445 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 477 դրամ նվազագույն և 489 դրամ առավելագույն փոխարժեքով: