Հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավ-արեւելյան ուղղության վրա ադրբեջանական զինված ստորաբաժանումներն իրենց պահակետերը ղարաբաղյան բանակի առաջատար սահմանագծեր տեղափոխելու փորձ են ձեռնարկել: Ինչպես տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումներն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել ադրբեջանական կողմի գործողությունները կանխելու համար, որի արդյունքում փոխհրաձգություն է սկսվել: Միջադեպի ընթացքում ղարաբաղյան զինծառայողներից ոչ ոք չի տուժել: Ինչպես նշել են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից, սկսած 2000 թվականից ադրբեջանական կողմը շփման գծի ողջ երկայնքով բազմիցս դիմել է նման գործողությունների` փորձելով առավելագույնս մոտենալ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջատար սահմանագծերին եւ ամրապնդվել նոր դիրքերում: Նախարարությունը միաժամանակ զգուշացրել է, որ ցանկացած նման փորձ հետագայում նույնպես խստորեն կանխվելու է: