Հայաստանի WEB3 համայնքի ներկայացուցիչները մասնակցել են Թբիլիսիում սեպտեմբերի 7-8-ը տեղի ունեցած ամենամյա DeGamefi WEB3 կոնֆերանսին: Հայաստանից կոնֆերանսին որպես խոսնակ ելույթ է ունեցել WEB3 Հայաստան հիմնադրամի և Blockstars-ի հիմնադիր Արտյոմ Հարությունյանը։ Կոնֆերանսի հիմնական առանցքում կրիպտոն, բլոկչեյնը, արհեստական ինտելեկտը և Web3 տարածությունն էր։
Իր ելույթի ընթացքում Հարությունյանը ներկայացրել է ՀՀ–ում տեխնոլոգիաների զարգացման, կրիպտոյի հետ կապված օրենսդրական կարգավորումների շուրջ։
«Հայաստանում կրիպտոյի հետ կապված օրենքներն ավելի խիստ են, քան Վրաստանում։ Իհարկե, ոչ մի օրենք կամ կարգավորում ձեզ չի խանգարում կրիպտոն օգտագործել, բայց միևնույն ժամանակ բանկերն ու կարգավորողները այնքան էլ չեն ողջունում այդ փաստը։ Այս կոնտեքստում Վրաստանը մեզանից առաջ է, սակայն մենք էլ աշխատում ենք այդ ուղղությամբ»,-նշել է Արտյոմ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ նման միջազգային կոնֆերանսները շատ կարևոր են հատկապես ոլորտում փորձի փոխանակման և նոր գաղափարների գեներացման համար։
DeGamefi-ն անցկացվում էր երկրորդ անգամ։ Միջոցառմանը մասնակցել են վրացական և միջազգային ընկերությունների փորձագետներ, մտքի առաջնորդներ և նորարարներ բլոկչեյնի և Web3 տարածության մեջ: Անցկացվեցին պանելային քննարկումներ և անհատական ելույթներ ամենաարդիական թեմաների շուրջ, ինչպես նաև կազմակերպվեց նորարարությունների էքսպո։