Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է, որ «եթե Գրանադայի թղթի տակ լիներ Բաքվի ստորագրությունը», կասեր, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունը 70%-ից բարձր է։
Հարցին, թե ինչ տվեց Գրանադայի հանդիպումը, վարչապետն ասել է, որ այն տվեց երկու շատ կարևոր հայտարարություն:
«Առաջինը` քառակողմ հայտարարությունն էր՝ նախագահ Մակրոնի, կանցլեր Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և իմ: Եվ երկրորդը՝ մեր երկկողմ հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ:
Եվ, ըստ էության, սրանով ի՞նչ արձանագրվեց, շատ կարևոր արձանագրում էր, որ Եվրամիությունում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս: Սա այս է նշանակում, որովհետև Եվրամիության երկու սյուները՝ Եվրոպական խորհուրդը և Եվրահանձնաժողովն արձանագրեցին այս փաստը:
Հաջորդը՝ երկու հայտարարություններում էլ արձանագրվեց Եվրամիության և մեր տեսակետից՝ որոնք պետք է լինեն մեր տարածաշրջանում խաղաղության հենասյուները: Այդ հենասյուներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ ընդգծումով տարածքների չափերի, որի մասին բազմիցս խոսել ենք, երկրորդը, որ սահմաններին դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991թ. Ալմաթայի հռչակագրի հիման վրա և նաև համաձայն՝ կողմերին փոխանցված Խորհրդային միության վերջին շրջանի քարտեզների:
Եվ երրորդը, որ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության ներքո: Եվ նաև այն, որ արձանագրվեց, դատապարտվեց ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի գործադրումը, արձանագրվեց ԼՂ ժողովրդի բռնի տեղահանումը, արձանագրվեց Եվրամիության և նաև Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ Հայաստանին աջակցել այս գործընթացը, հումանիտար իրավիճակը կառավարելու առումով, արձանագրվեց, որ ԼՂ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք պետք է ունենան առանց նախապայմանների, և նրանց այդ իրավունքը պետք է պաշտպանվի»,–ասել է Փաշինյանը։
Նա նաև նշել է՝ արձանագրվեց, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնել այնքան, ինչքան, ըստ էության, Հայաստանը կցանկանա, կամ այնքան, ինչքան համապատասխան է ՀՀ կարիքներին:
«Սրանք առավելություններ են: Հիմա ո՞րն է թերությունը կամ բացը: Բացն այն է, որ հայտարարությունը, մասնավորապես, առաջին հայտարարությունը, քառակողմ է և ոչ թե հնգակողմ: Այսինքն՝ եթե ի սկզբանե նախատեսվում էր, որ պետք է լիներ հնգակողմ, բայց Ադրբեջանի ստորագրության բացակայությունն այդ փաստաթղթի ներքո, իհարկե, թերություններից է: Որովհետև եթե, օրինակ՝ այդ թղթի ներքո լիներ Ադրբեջանի ստորագրությունը, ես հիմա կասեի, որ հավանականությունը, որ մենք մինչև տարվա վերջ կստորագրենք խաղաղության պայմանագիր, 70 տոկոսից ավելի բարձր է»,–ասել է վարչապետը։