AM
12 October 2023 - 09:33 AMT

Արցախբանկը կվերադարձնի ԱՀ-ում վարկերի համար գրավադրված ոսկյա իրերը՝ առանց վարկերի մարման

Արցախբանկը կվերադարձնի Արցախում վարկերի համար գրավադրված ոսկյա իրերը՝ առանց հաճախորդների կողմից վարկային պարտավորությունների մարման: Վերսկսվում է Արցախից տեղահանվածներին՝ Բանկում գրավադրված ոսկյա իրերի վերադարձի գործընթացը Երևանում, հայտնում է Արցախբանկը։

Բանկը Ստեփանակերտ քաղաքում արդեն իսկ 400-ից ավել վարկառուի վերադարձրել է վերջիններիս կողմից գրավադրած ոսկյա իրերը, ինչպես նաև նախատեսում է 500-ից ավել հաճախորդների ևս վերադարձնել:

Հոկտեմբերի 11-ից սկսած Բանկի այն հաճախորդները, ում չի հաջողվել Արցախում ստանալ գրավադրված ոսկյա իրերը, կարող են անձը հաստատող փաստաթղթերով ներկայանալ Բանկի Նաիրի մասնաճյուղ (հասցե՝ ք.Երևան 0001, Սայաթ-Նովա պող. 10/1):

«Ինչ վերաբերում է վերջերս ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությանը Մարտունու մասնաճյուղում գրավադրված ոսկյա իրերի գողության վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ դեպքի փաստով 2023 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Անհիմն շահարկումներից խուսափելու համար խնդրում ենք հետևել բացառապես Բանկի պաշտոնական հաղորդագրություններին»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Հարցերի դեպքում կարելի է դիմել Բանկի մասնաճյուղեր, ինչպես նաև զանգահարել Բանկի Զանգերի կենտրոն՝ 012 777771, 777772 հեռախոսահամարներով:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։