AM
16 October 2023 - 12:43 AMT

Պապոյան․ Անշարժ գույքի նվիրատվությունների թիվն աճել է՝ բանկերը գումարի կանխիկացումից տոկոս են պահում

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նիստում հայտարարել է, որ անշարժ գույքի նվիրատվություններն աճել են, քանի որ բանկերը գումարի կանխիկացումից տոկոս են պահում։

Եթե 2020-ի առաջին կիսամյակում անշարժ գույքի մոտ 20,000 առուվաճառքի գործարք է եղել, որից 6000-ը՝ նվիրատվություն, ապա 3 տարի անց այդ թիվը դարձել է 23,700, նվիրատվությունները՝ 12,000, այսինքն՝ կրկանկի աճել են։

«Այստեղ կան որոշակի ռիսկեր։ Մեր քաղաքացիները երբեմն այսպես են վարվում ոչ թե որովհետև ուզում են ինչ-որ բան թաքցնել, այլ իրենց հարմար է, և այս քննադատությունը ԿԲ-ին է ուղղված», – ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Պապոյանը բացատրել է, թե նաև ինչով է պայմանավորված նվիրատվությունների նման աճը։

«Քաղաքացիները վաճառում են իրենց գույքը, պետք է միայն անկանխիկ վաճառեն և բանկերի մի մասը գումարով է կանխիկացնում։ Գիտեմ 2 բանկ, որ անվճար են կանխիկացնում, բայց բանկեր կան, որ 0․2%, 0․25% նույնիսկ 0.5 տոկոս, սա այն պատճառներից մեկն է, որ քաղաքացին խուսափում է, չի ուզում վաճառքի 0․2 տոկոսը տալ ուրիշին», – ասել է նա։

Պապոյանը նշել է, որ էականորեն սահմանափակել են ապօրինի գույքի օրինականացման գործընթացը, բայց մարդիկ էլի ճանապարհներ են փնտրում խուսափելու և այս օրինակը դրանցից մեկն է։

«Մեր ընդունած օրենքներից բանկերը պետք է չօգտվեն ու չմատուցված ծառայությունների համար գումար գանձեն քաղաքացիներից»,-ասել է նա։

2022 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում հնարավոր չէ անշարժ գույք գնել կանխիկ գումարով։ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ֆիզիկական անձանց միջև բոլոր այն գործարքների վճարումները, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման, կատարվում են անկանխիկ եղանակով, եթե գործարքի արժեքը գերազանցել է 500 հազար դրամը։ 2023 թվականի հուլիսից այդ շեմը դարձել է 300 հազար դրամ։