AM
17 October 2023 - 10:11 AMT

Քերոբյան․ Շիրակում ստեղծվելիք «չոր նավահանգստի» օպերատորն օտարերկրյա ընկերություն կլինի

Շիրակի մարզում ստեղծվելիք «չոր նավահանգստի» օպերատորն օտարերկրյա ընկերություն կլինի։ Այդ մասին Sputnik Արմենիային ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա հույս է հայտնել, որ օպերատորի հարցը կլուծվի մինչև տարեվերջ, իսկ մինչ այդ կպարզվի նաև նախագծի ֆինանսավորման կառուցվածքը։

«Կարծում եմ, որ անհրաժեշտ ներդրողների ներգրավման հարցում խնդիրներ չեն լինի»,–ասել է նա։

Կառավարությունը նախատեսում է $500 մլն ուղիղ ներդրում ներգրավել դրա կառուցման արդյունքում։ Բացի այդ, նախատեսվում է 20-40,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Ըստ նախարարի, ձեռնարկությունները, որոնք կգործեն «չոր նավահանգստում», կավելացնեն ՀՀ ՀՆԱ–ն մոտ 1 տոկոսով։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱՄԷ արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Ներկայացնելով Հայաստանում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը՝ նախարարն առաջարկել է քննարկել այս ուղղությամբ ևս համագործակցելու հնարավորությունները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է «չոր նավահանգիստ» կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-հարավ ճանապարհի վրա է գտնվում։