AM
20 October 2023 - 12:58 AMT

Քննարկվել է Գյումրիի «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմին ներգրավելու հնարավորությունը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Իրանում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել են Հնդկաստանի նավահանգիստների, նավային բեռնափոխադրումների և ջրային ուղիների պետական նախարար Շանտանու Թհակուրի հետ։

Քննարկվել է Գյումրիի «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմին ներգրավելու հնարավորությունը, լոգիստիկ խնդիրներին վերաբերող, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն առնչվող մի շարք հարցեր։

Գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում նախարարի տեղակալը ելույթ է ունեցել նաև Հնդկախաղաղօվկիանոսյան կլոր սեղանի ընթացքում։

Ավելի վաղ Նարեկ Տերյանը Մումբայում Հնդկաստանի գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում հանդիպել էր Հնդկական նավահանգիստների ասոցիացիայի Մումբայ նավահանգստի տնօրեն Ռաջիվ Ջալոտայի հետ։ Հանդիպմանը Ջալոտան ներկայացրել էր նավահանգստի հնարավորությունները։ Այնուհետև կողմերը քննարկել են Մումբայ նավահանգստի միջոցով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Շիրակի մարզում ստեղծվելիք «չոր նավահանգստի» օպերատորն օտարերկրյա ընկերություն կլինի։ Կառավարությունը նախատեսում է $500 մլն ուղիղ ներդրում ներգրավել դրա կառուցման արդյունքում։ Բացի այդ, նախատեսվում է 20-40,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Ըստ նախարարի, ձեռնարկությունները, որոնք կգործեն «չոր նավահանգստում», կավելացնեն ՀՀ ՀՆԱ–ն մոտ 1 տոկոսով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է «չոր նավահանգիստ» կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-հարավ ճանապարհի վրա է գտնվում։