Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակի հետ Երևանում կայացած հանդիպմանը կարևորել է ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:
Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, այդ համատեքստում կարևորել միջազգային աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԱՄՆ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպումից հետո հայտարարել է, որ ԵՄ և ԱՄՆ փորձում են ներգրավվել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, բայց բոլորին է հայտնի, որ ԽՍՀՄ քարտեզները միայն Ռուսաստանի մոտ են։ Լվրովը հիշեցրել է, որ հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման համար Մոսկվան, Բաքուն ու Երևանն առանձին պայմանավորվածություն ունեն։