Երևանում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները 2023–ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են մոտ 16 տոկոսով։ Դա է վկայում Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակած եռամսյակային հաշվետվությունը, հայտնում է CivilNet-ը։
Նշվում է, որ 2023–ի երրորդ եռամսյակում Երևանում իրականացվել է 3477 առքուվաճառքի գործարք, այնինչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացվել էր 4134-ը։ Առքուվաճառքի գործարքները նվազել են Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում՝ բացառությամբ Աջափնյակի, Քանաքեռ-Զեյթունի և Նուբարաշենի։ Երևանում առքուվաճառքի գործարքների նվազման միտումը արտացոլված էր նաև 2023–ի կիսամյակային տվյալներում։ Առաջին կիսամյակում Երևանում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները նվազել էին 35 տոկոսով։
Չնայած Երևանում բնակարանների նկատմամբ հետաքրքրության անկմանը՝ բնակարանների գները շարունակում են աճել։ Ըստ կադաստրի հաշվետվության՝ Կենտրոնում բնակարանի 1 քմ-ի միջին գինը նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ աճել է 13․2 տոկոսով, Արաբկիրում՝ 12․1 տոկոսով, Դավթաշենում աճել է 10․6 տոկոսով, Էրեբունիում աճել է 10․2 տոկոսով, Մալաթիա-Սեբաստիայում՝ 8․6 տոկոսով, Ավանում՝ 8․7 տոկոսով և այլն։
2022-ի երրորդ եռամսյակի համեմատ միջինում Երևանում բնակարանների 1 քառակուսի մետրի գինն աճել է 9․4 տոկոսով։
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում առքուվաճառքի գործարքներն այս տարվա երրորդ եռամսյակում նվազել են 3․1 տոկոսով։ Ամենամեծ անկումները գրանցվել են Երևանում, Լոռիում, Սյունիքում։
Աճ է գրանցվել վարձակալության գործարքներում։ Ըստ կադաստրի կոմիտեի՝ հանրապետությունում վարձակալության գործարքներն աճել են 1․7 տոկոսով։
Վարձակալության ամենաշատ գործարքներն իրականացվել են Արագածոտնում, Գեղարքունիքում, Արմավիրում ու Երևանում։ Հատկանշական է, որ վարձակալության կառուցվածքում բնակարանների վարձակալությունը նվազել է 55․6 տոկոսով, իսկ անհատական բնակելի տների վարձակալությունը՝ 44 տոկոսով։ Փոխարենը աճել են հասարակական նշանակության շինությունների, գյուղատնտեսական հողերի, ավտոտնակների վարձակալության գործարքները։
Երևանում բնակարանների վարձակալության գործարքները նվազել են 44 տոկոսով, անհատական բնակելի տների վարձակալությունները՝ 32 տոկոսով։ Մարզերում բնակարանների վարձակալության գործարքները նվազել են 66 տոկոսով, անհատական բնակելի տներինը՝ 53 տոկոսով։