AM
30 October 2023 - 13:55 AMT

Նախարար․ ԼՂ–ին որպես միջպետական վարկ հատկացվող գումարը 2024–ին կուղղվի ՀՀ տարբեր ծրագրերի իրականացմանը

Լեռնային Ղարաբաղին մինչև այժմ որպես միջպետական վարկ հատկացվող գումարները Հայաստանի կառավարությունը հաջորդ տարի կուղղի տարբեր ծրագրերի իրականացմանը:Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի նախնական նախագիծը:

Նախարարը նշել է, որ բյուջեի նախագիծը ներկայացվել է սեպտեմբերի վերջին, երբ տեղի էր ունենում Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանումը, և բյուջեի ներկայացված սցենարում չկա այն ամբողջական միջոցառումների և ծրագրերի շրջանակը, որը կառավարությունը պատրաստվում է իրագործել 2024 թվականին, հայտնում է Aysor.am-ը։

«Ճիշտ է, բյուջեի այս տարբերակը ներկայացված է ՀՆԱ-ի մեջ 3.2 տոկոս դեֆիցիտով, բայց մեր պատկերացմամբ՝ այդ դեֆիցիտը 2024-ին կաճի մինչև 4.6 տոկոս, որ կարողանանք իրականացնել այդ բոլոր միջոցառումները: Սա որևէ հավելյալ ֆիսկալ ծանրաբեռնվածություն չի ավելացնի մեզ վրա, որովհետև մեր այսօրվա պատկերացումներով՝ այն գումարները, որոնք հատկացվում էին Լեռնային Ղարաբաղին որպես միջպետական վարկ, այդ գումարները կկարողանանք հատկացնել տարբեր ծրագրերի իրականացմանը: Հույս ունենք, որ այդ գումարները բավարար կլինեն դրա համար», – ասել է Հովհաննիսյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։