AM
30 October 2023 - 13:58 AMT

ԿԲ նախագահ․ Այսօր աշխարհում տենդենցներ ենք թելադրում՝ հիանալի ենք կառավարել գնաճը

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ–ում, ներկայացնելով ՀՀ 2024 թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը, հայտարարել է, որ դրամավարկային քաղաքականության առումով Հայաստանն այսօր աշխարհում տենդենցներ է թելադրում։

«Մենք հիանալի ենք կառավարել գնաճը՝ համեմատած ոչ միան տարածաշրջանի, այլև աշխարհի երկրների հետ։ Մենք այսօր գնաճի խնդիրը լուծել ենք և տոկոսադրույքներ ենք իջեցնում, մինչդեռ աշխարհով մեկ գրեթե բոլոր բանկերը շարունակում են տոկոսադրույք բարձրացնել, քանի որ գնաճի խնդիրը չեն լուծել»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա տեղեկացրել է, որ մի քնի օր առաջ Կանադայի բանկը հաղորդագրություն է գրել, որ անցնում է նայելու այն ձևաչափը, որը ՀՀ-ն է առաջարկել և մատնանշել է ԿԲ-ի փորձը:

«Դրամավարկային քաղաքականության առումով մենք այսօր աշխարհում տենդենցներ ենք թելադրում՝ առանց ավելորդ համեստության եմ ասում»,-հայտարարել է Գալստյանը։

Նա նաև կարևորել է ԿԲ-ում որակյալ մասնագետների պատրաստման և մասնագիտական գիտելիքների կատարելագործման խնդիրը:

Ըստ Գալստյանի` 2024 թվականին տնտեսական աճը կշարունակի իր վրա կրել ՀՀ տնտեսության համար նախորդ տարիներին ձեւավորված նպաստավոր գործոնների ազդեցությունը եւ նախանշված բարձր մակարդակը կդրսեւորվի տնտեսության բոլոր ճյուղերում:

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) չի բացառում, որ Հայաստանի տնտեսության աճը 2023–ի ավարտին կգերազանցի բանկի վերլուծաբանների նախկին սպասումները և 7․5%-ից ավելի կլինի: