ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել պարզեցնել բանկային հաշիվների բացումը 25 պետության ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների։ Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն իր տեղակալների հետ հանդիպմանը, հայտնում է ՌԴ կառավարության կայքը։
«Ստորագրված կարգադրությունը սահմանել է այն 25 երկրի ցանկը, որոնց քաղաքացիները և իրավաբանական անձինք կկարողանան պարզեցված կարգով հաշիվներ կամ ավանդներ բացել ռուսական բանկերում»,–ասել է նա։
Այս հնարավորությունը վերաբերում է Հայաստանին, Ալժիրին, Ադրբեջանին, Բելառուսին Ղազախստանին, Բրազիլիային, Հնդկաստանին, Չինաստանին, Սաուդյան Արաբիային, Թուրքիային և մի շարք այլ երկրներին։
«Դրա համար օտարերկրյա քաղաքացիները մինչ Ռուսաստան մուտք գործելը պետք է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացնեն իրենց երկրում գտնվող վարկային հաստատություն: Ժամանելուց հետո նրանք կկարողանան վճարումներ կատարել մեր բանկերում»,–ասել է Միշուստինը։
Նա հավելել է, որ դա շատ հարմար է բոլորի համար, ովքեր ժամանում են ՌԴ՝ զբոսաշրջիկների, գործարարների։