ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հոկտեմբերի 30–ին ԱԺ–ում, ներկայացնելով «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը, հայտարարել է, որ ԿԲ–ի 2024–ի տնտեսական կանխատեսումները տարբերվում են հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի հիմքում դրվածներից:
Նա նշել է, որ ԿԲ–ն 2024–ի համար 5․6 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, հայտնում է Sputnik Արմենիան։
2024–ի պետական բյուջեի նախագծով ՀՀ կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճ է ակնկալում։
«Մեր գնահատականներով տնտեսական աճը որոշակի պոտենցիալից բարձր կլինի, որովհետև բավականին մեծ ծախսեր են նախատեսված։ Բայց այս պահի դրությամբ մեր կանխատեսումներով աճը լինելու է 5.6 տոկոս 2024-ի համար։ Բնականաբար, կառավարության կողմից նախատեսված ծախսերի իրականցման դինամիկայից կտեսնենք, թե ինչքանով է մասնավոր հատվածը միանում այն ծախսերին ու ներդրումներին, որոնք կզուգակցվեն կառավարության կապիտալ ծախսերի հետ ու կտան սիներգիկ էֆեկտներ»,– ասել է նա։
Գալստյանը նշել է, որ ԿԲ-ն նաև մտավախություն ունի, որ 2024–ին պետությունը ստիպված է լինելու իրականացնել մեծ ծավալով ընթացիկ ծախսեր։ Մինչդեռ կապիտալ ծախսերը կարող են թերակատարվել, քանի որ այս տարվա 9 ամիսների դրությամբ դրանք արդեն իսկ ավելի շատ են թերակատարվել, քան 2022–ին։
«Բոլոր ջանքերը պետք է ներդրվեն այդ գործողությունների կատարմանը։ Այլապես, եթե մենք կապիտալ ծախսերը նախատեսված ծավալով չարեցինք, բայց շարունակեցինք մեծացնել ընթացիկ ծախսերը, դա բերելու է պահանջարկով պայմանավորված տնտեսական աճի, որը պոտենցիալից կտրվելու է։ Իսկ պոտենցիալից կտրվելու դեպքում, բնականաբար, ունենալու ենք գնաճ»,– ասել է Գալստյանը։
Նա հավելել է, որ գնաճը զսպելու համար ԿԲ–ն ստիպված է լինելու բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
ԿԲ նախագահն արձանագրել է, որ ՀՀ–ում գնաճն այս պահին կազմում է 0.1 տոկոս` հույս հայտնելով, որ հաջորդ տարի գնաճը չի գերազանցի նպատակային 4- 4.5 տոկոս թիրախային ցուցանիշը։