AM
17 November 2023 - 08:50 AMT

Իրանն ու ՀՀ-ն պայմանավորվել են ավելացնել Մեղրիի մաքսակետով բեռնատարների երթևեկության ծավալները

Իրանի և Հայաստանի մաքսային պատվիրակությունների երկկողմ համատեղ սահմանային հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելացնել Մեղրիի մաքսակետով բեռնատարների երթևեկության ծավալը։

Հանդիպմանը Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատականի մաքսային վերահսկողության բաժնի ղեկավարը, անդրադառնալով երկու երկրների սահմանային մաքսակետերի միջև փոխգործակցության և համագործակցության մակարդակի բարձրացմանն ու ապրանքաշրջանառության ծավալների աճին, մատնանշել է ընթացիկ տարվա յոթ ամսվա ընթացքում 121 մլն դոլար արժողությամբ ավելի քան 600 հազար տոննա ապրանքների արտահանումը, գրում է Panorama.am-ը ԻՌՆԱ-ի վրա հղումով։

Նա հավելել է. «Արտահանման այս ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, քաշային առումով, աճել է 82%-ով, իսկ դոլարային հաշվարկով՝ 33%-ով»։

Մատնանշելով նշված ժամանակահատվածում Նորդոզի սահմանից ավելի քան 80,000 բեռնատարների երթևեկությունը և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 28 տոսկոսով աճը, Սադեղ Նամդարն ասել է, որ ներկայումս Նորդոզի սահմանից Հայաստան օրական 150-200 բեռնատար է ուղևորվում, և ակնկալվում է, որ ապագայում այդ ցուցանիշը կհասնի օրական 300 բեռնատարի։

Իրանի խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր, Իրան-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի փոխնախագահ Արա Շահվարդյանը նույնպես այս հանդիպման ընթացքում մատնանշել է երկու երկրների միջև 45 կմ երկարությամբ պատմական սահմանի նշանակությունը՝ կարևոր համարելով երկու կողմերի ճանապարհային ենթակառուցվածքների ապահովումը գործարար համագործակցության ընդլայնման, զբոսաշրջիկների ներգրավման և ուղևորների հետ կապված խնդիրները դյուրացնելու նպատակով, և նկատեց, որ դա կնպաստի հարավ-հյուսիս միջանցքի բարգավաճմանը։