Եկամտահարկի վերադարձը մարզերում չեղարկելու նախագիծը հանվել է կառավարության նոյեմբերի 17–ի նիստի օրակարգից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ֆինանսների նախարարության առաջարկած նախագծին, որով առաջարկվում է 2029-ից մարզերում ևս դադարեցնել եկամտահարկի հետ վերադարձի հնարավարությունը, ասել է, որ Երևանի և մարզերի ժամկետների հետ դիսոնանս է նկատում։
«Եկեք այս հարցն օրակարգից հանենք, որպեսզի ճիշտ լինի։ Հետո կկարգավորենք»,–ասել է նա, գրում է Aysor.am-ը։
Վարչապետն ասել է, որ այս թեմայով առաջին որոշումը կայացրել են 2020 թվականին քովիդի շրջանում, որից հետո շինարարությունը, բնակարանաշինությունը Երևանում շատ մեծ թափ առավ։
«Մենք ժամկետային սահմանափակում դրեցինք, որը գործում է Երևանում։ Հիմա այս որոշումը կայացնում ենք, որպեսզի շինարարության այդ տեմպը շարունակվի նաև հարակից մարզերում։ Այս որոշման տրամաբանությունը տարածքային համաչափ զարգացումը խթանելն է և նաև տնտեսական ակտիվության լրացուցիչ խթաններ ստեղծելը։ Ուզում եմ ասել, որ այս գործիքակազմի ընդունմամբ՝ մենք շատ էական փոփոխությունների ենք հասել ՀՀ-ում քաղաքացիների բնակարաններ ձեռք բերելու գործընթացում։
Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականից մինչ օրս այս գործիքի կիրառմամբ ավելի քան 35 հազար ընտանիք ձեռք է բերել բնակարան։ Հույս ունենք, որ մազրերում ևս առաջնային շուկան կզարգանա և բնակարանաշինությունը կխթանվի։ Մենք մոտ 35մլդ դրամի վերադարձ ենք իրականացրել։ Եկեք այս հարցն օրակարգից հանենք, որպեսզի ճիշտ լինի։ Հետո կկարգավորենք»,-ասել է Փաշինյանը։