AM
20 November 2023 - 11:51 AMT

Քերոբյան․ Զբոսաշրջային բյուջեն բազմապատկվել է` 2024–ին 13 մլրդ-ից ավելի կլինի

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է, որ ՀՀ ճանաչելիության, ինչպես ենթակառուցվածքների զարգացման մասով վերջին 2–3 տարում զբոսաշրջային բյուջեն բազմապատկվել է․ եթե 2019–ին այն կազմում էր մոտ 2 մլրդ, ապա 2024-ին բյուջեն 13 մլրդ 200 մլն է։

Կառավարությունն օրենսդրական նոր փաթեթ է ներկայացրել զբոսաշրջության մասին։

«Մենք էականորեն ավելացրել ենք այդ մասով մեր ներդրումները»,– վստահեցրել է Քերոբյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` կառավարության նպատակն այն չէ, որ Հայաստանը դառնա զբոսաշրջային տնտեսություն, այլ այն, որ զբոսաշրջիկները գան, ստանան զբոսաշրջային ծառայությունների բարձր որակ ու դրա համար վճարեն։

«Եվրանյուզի հետ հիմա քննարկումներ ենք անցկացնում ՀՀ–ն գովազդելու համար, քանի որ այն ճշգրիտ համապատասխանում է այն թիրախային լսարանին, որի վրա մենք ուզում ենք աշխատել։ Խոսքը գնում է միջին ու միջինից բարձր եկամուտ ունեցող խավի մասին»,– հստակեցրել է նախարարը։

Ըստ նոր օրենքի, զբոսաշրջային ոլորտի մի շարք ծառայություններ մանրամասն դիտարկվելու են ոստիկանության պարեկային ծառայության ու ՀՀ շուկայի վերահսկողության տեսչության կողմից։

2023 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 մլն 839 հազար զբոսաշրջիկ, ինչը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ 48.4 տոկոսով ավելի է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, զբոսաշրջիկների ընդհանուր թվի ավելի քան կեսը Ռուսաստանից է՝ 50.7 տոկոս կամ 931,695: Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 10.1 տոկոս կամ 185,082 քաղաքացի, երրորդ տեղում Իրանն է՝ 6.3 տոկոս կամ 116,062 քաղաքացի: