AM
22 November 2023 - 11:04 AMT

Գերմանիան 84.6 մլն եվրո կտրամադրի ՀՀ–ին կրթության ու էներգետիկայի զարգացման համար

Գերմանիան 84.6 մլն եվրո կտրամադրի ՀՀ–ին կրթության ու էներգետիկայի զարգացման համար։ Օժանդակությունը կտրամադրվի վարկերի և դրամաշնորհների տեսքով։ Այդ մասին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ ճեպազրույցում։

Երևանում մեկնարկել են երկօրյա Հայ–գերմանական համագործակցության զարգացման միջկառավարական բանակցությունները։ ՀՀ և Գերմանիայի միջև միջկառավարական բանակցություններին վերաբերող արձանագրություն է ստորագրվել, որը լավ ու հստակ ուղերձ է աշխարհին, որ երկու երկրները համագործակցության նոր ճանապարհ են բացում։

Նիլս Աննենն իր հերթին ասել է, որ այս համաձայնագրով փորձելու են ամրապնդել ՀՀ մարզերի կարողությունները` համապատասխան ծառայությունների տրամադրման ուղղությամբ, հայտնում է Sputnik Արմենիան։

https://armeniasputnik.am/20231122/germanian-846-mln-evrvo-ktramadri-hajastani-krtutjan-u-energetikaji-zargacman-hamar-68949506.html

Նա ընդգծել է, որ իրենց կողմից առանձին աջակցություն է նախատեսված ՀՀ կառավարությանը` ԼՂ–ից բռնի տեղահանվածներին ինտեգրելու և աջակցելու համար։

Նիլս Աննենը նաև ընդգծել է ՀՀ հետ համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, որը հնարավորություն կտա վերականգնվող էներգետիկայի բնագավառում երկարաժամկետ հատվածում նվազեցնել ՀՀ–ում էլեկտրաէներգիայի գինը։

«Մենք նաև մեծ ուշադրություն ենք դարձնելու ՀՀ էներգետիկ անկախության ամրապնդմանը։ Այս բանակցություններում ներգրավված են երկու կառավարությունները, սակայն կան նաև գերմանական ընկերություններ, որոնք նույնպես շահագրգռված են ու մասնակցում են այդ բանակցություններին։ Գերմանիայում բոլորն էլ տեսնում են, որ ՀՀ–ում ներդրումների միջավայրի բարելավման համար բազմաթիվ ջանքեր են գործադրվել։ Մենք առաջընթաց ենք արձանագրել, մասնավորապես, ՀՀ–ում կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ։ Մենք հավելյալ ներդրումներ կանենք, որ այս ոլորտում ձեռքբերվածը պահպանվի և էլ ավելի զարգանա»,– ընդգծեց գերմանացի պաշտոնյան։

Ըստ նրա` ցանկացած ներդրում պետք է արվի տարածաշրջանային խնդիրների հաղթահարմամբ, և այդ պատճառով Գերմանիան մեծապես գնահատում է ՀՀ վարչապետի առաջարկած «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը։

Նա նաև տեղեկացրել է, որ առանձին համաձայնություն է ձեռքբերվել ՀՀ ԿԲ հետ` ՓՄՁ–երին աջակցելու համար, որը հնարավորություն կտա նրանց համար բարձրացնել վարկային միջոցների հասանելիությունը, ձևավորել մեկնարկային կապիտալ և բացել բազմաթիվ աշխատատեղեր։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին ավելացրել է, որ հայ–գերմանական այս բանակցությունները 2014 թ. ի վեր առաջին պաշտոնական բանակցություններն են, երբ քննարկվել են տնտեսական զարգացման ուղղությամբ բազմաթիվ հարցեր։

Հայաստանի առևտրաշրջանառությունը Գերմանիայի հետ, ըստ արտահանող երկրի հատկանիշի, 2023 թ. հունվար–սեպտեմբերին կազմել է 500 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 36․9%-ով։