AM
23 November 2023 - 07:50 AMT

ՀՀ-ն Մարգարայի անցակետը զինում է խորը զննման սարքավորումներով․ 168 մլն դրամ կծախսվի

Հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» մաքսային սահմանային նոր անցման կետը համապատասխան տեխնիկական միջոցներով՝ ռենտգենյան զննող և ֆիզիկական անձանց խորը զննման սարքավորումներով վերազինելու համար Պետական եկամուտների կոմիտեն ծախսելու է 168 մլն դրամ։ Այս մասին ասվում է 2023 թվականի բյուջեում իրականացվող վերաբաշխման փաստաթղթերից, հայտնում է Factor.am-ը։

Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն 2023–ի ապրիլի 11-ին հայտարարել էր, որ կա պայմանավորվածություն, որ հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Ամռան ընթացքում, սակայն, Մարգարայի անցակետը չբացվեց։

Մարգարայի անցակետը բացելու խոսակցություններն ակտիվացել են 44-օրյա պատերազմից հետո, երբ առաջ եկավ հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման հարցը։ Երևանն ու Անկարան հատուկ բանագնացներ նշանակեցին, մի քանի հանդիպում եղավ, սակայն ոչ մի գործնական քայլ դեռևս չի արվել։ Անկարան իր գործողությունները պայմանավորում է Ադրբեջանի դիրքորոշմամաբ։

Հայ-թուրքական սահմանի՝ Մարգարայի ցամաքային անցակետը 30 տարվա մեջ առաջին անգամ գործարկվել է միայն փետրվարին, երբ Հայաստանը մարդասիրական օգնություն և փրկարարներ ուղարկեց երկրաշարժից տուժած Թուրքիա։ Այժմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի մասին ոչինչ հայտնի չէ, հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին Երևանն ու Անկարան լռում են։