AM
23 November 2023 - 11:24 AMT

ԶՊՄԿ–ն, բաժնետերերն ու իրական շահառուները ընդգրկված չեն պատժամիջոցների որևէ ցուցակում

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ԶՊՄԿ բաժնետիրական կազմի վերաբերյալ հայտարարություն է տարածել և պարզաբանել, որ ոչ ընկերությունը, ոչ բաժնետերերը կամ իրական շահառուները ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում։

«ՀՀ օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն»), հայտնում է, որ ոչ Ընկերությունը, ոչ Ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում և Ընկերության նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց: Նախկինում Ընկերության իրական շահառու պարոն Գլեբ Տրոցենկոն այլևս չի հանդիսանում իրական շահառու՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին Ընկերությունում իր անուղղակի ամբողջ բաժնեմասի օտարման հետևանքով: Ներկայում Տրոցենկոյի և Ընկերության միջև որևէ հարաբերություն առկա չէ»,–ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Ընկերության իրական շահառուների մասին ամփոփ տեղեկատվությունը հասանելի է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքում:

Նշվում է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հավատարիմ է մնում թափանցիկ կորպորատիվ կառավարման իր հանձնառությանը, և օրենքով սահմանված կարգով պարբերաբար իրական շահառուների մասին հայտարարագրերի հրապարակումը ընդգծում է ընկերության շարունակական ջանքերը՝ ապահովելու գործարար վարքագծի ամենաբարձր չափանիշները։

Ըստ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ Տրոցենկոյի բաժնեմասը ձեռք է բերել Սվետլանա Երշովան։