AM
23 November 2023 - 14:13 AMT

Եկամտահարկի վերադարձով հիփոթեքն աստիճանաբար կկրճատվի և կհանվի նաև մարզերից

Եկամտահարկի վերադարձով հիփոթեքային վարկն աստիճանաբար կկրճատվի և կհանվի նաև մարզերից։ Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի։

Նախագծով առաջարկվում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը։

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չէ 2027 թ. հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված այդ մարզերի սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի, 2029 թ. հունվարի 1-ից հետո՝ եթե գույքը գտնվում է այլ մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի:

Բացի այդ, առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2025 թ. հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկի վարկառուին և առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը:

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հիփոթեքային վարկերի կամ նոր բնակարանների ձեռքբերման էսքրոու հաշիվների կառավարմանը վերաբերող օրենքի նախագծին, որը վերջերս ընդունվել է խորհրդարանում:

Նա նշել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից գործելու է նաև կարգավորում, որ նոր ձեռքբերվող բնակարանների գնի վերջին 5 տոկոսը շինարարական կազմակերպությունները կստանան բնակարանն արդեն փաստացի բնակարանատիրոջը, գնորդին հանձնելուց հետո, որպեսզի բնակարան ձեռք բերած քաղաքացին սեփական աչքերով տեսնի և շոշափի, և արձանագրվի, որ բնակարանի շինարարությունը և ընդհանրապես շինարարությունը տեղի է ունեցել պայմանագրի և շահառուի ողջամիտ ակնկալիքներին համապատասխան: