AM
29 November 2023 - 08:49 AMT

Կանաչ զրույցներ ամենականաչ թեմայի շուրջ. Մեկնարկել է «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023»-ը

Երբ էներգետիկները հավաքվում են մեկ վայրում ու քննարկում վերականգնվող էներգիայի խնդիրները, անգամ աշունն է կանաչում. մեկնարկել է «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023» միջոցառումը, որի շրջանակում մասնագետները քննարկում են էներգետիկայի բնագավառի զարգացման հեռանկարները, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման արդյունքում ստեղծված իրավիճակն ու ընձեռվող հնարավորությունները:

Միջոցառման շրջանակում կայացած «Կանաչ ֆինանսավորում՝ զարգացումներ և խնդիրներ» խորագրով պանելային քննարկման խոսնակները նշել են, որ հատկապես վերջին հինգ տարվա ընթացքում ոլորտն աճում է գրեթե երկրաչափական պրոգրեսիայով, ու այս մասին փաստում է պարզ վիճակագրությունը։

«Հատկապես մեծ բում է արևային էներգետիկայի ոլորտում, սակայն մենք աշխատում ենք նաև այլ ուղղություններով»,- ասել է Ամերիաբանկի վաճառքների և հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանը նշելով, որ էներգետիկայի ոլորտում 30.09.23թ.-ի դրությամբ Ամերիաբանկի վարկային պորտֆելի մասնաբաժինը շուկայում կազմում է 33% ավելի քան 35 մլրդ դրամ:

Նա հավելել է, որ դեռևս 2020 թվականին Ամերիաբանկը թողարկել և տեղաբաշխել է 42 մլն եվրո ծավալով կանաչ պարտատոմսեր, որը Հայաստանում առաջին նման ծրագիրն էր: Այսօր բանկն ունի կանաչ վարկերի 46 մլրդ դրամի կնքված համաձայնագրեր, որի մոտ 50%-ն արդեն իսկ տեղաբաշխվել է մաքուր էլեկտրաէներգիայի արտադրման ոլորտում:

Արդյունքում, Առաքելյանի խոսքով, Ամերիաբանկի կողմից ֆինանսավորված նախագծերի միջոցով 2023-ի 9 ամսում արտադրվել է ավելի քան 118 մլն կՎտ/ժ կանաչ էներգիա, ինչն էլ իր հերթին նպաստել է CO2-ի արտանետումների կրճատմանն ավելի քան 57,000 տոննայով։

Արմսվիսբանկի նախագծերի ֆինանսավորման բաժնի պետ Արա Մակարյանն էլ իր խոսքում ընդգծել է վերականգնվող էներգետիկայի այլ ճյուղերի զարգացումը խթանելու ու շուկան մեծացնելու անհրաժեշտությանը, քանի որ վերականգնվող և կանաչ էներգետիկան միայն արևային էներգիայի օգտագործումը չէ։

Չնայած արագ զարգացմանն ու մեծ պոտենցիալին` կանաչ էներգետիկան Հայաստանում նաև լուրջ ենթակառուցվածքային խնդիրների է բախվում, քանի որ, բանախոսների խոսքով, ցանցն արդեն իսկ ծանրաբեռնված է։

Բացի այդ, ոլորտի զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ է աշխատանք տանել քաղաքացիների տեղեկացվածության աստիճանի բարձրացման ուղղությամբ: «Արմլիզինգի» համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը նշել է, որ հանրության տեղեկացվածությունը պետք է բարձրացնել, որպեսզի մարդկանց մոտ ձևավորվի նաև էներգախնայող վարքագիծ։

«Ես, օրինակ, հայտնի ավելորդ լույս անջատող եմ։ Բացի այդ, կարծում եմ, որ մինչև ֆինանսավորման դիմելը մարդիկ պետք է արդեն պատկերացում ունենան, թե ուր են գնում ու արդյունքում ինչ են ստանալու»,–ասել է նա։

«Հայաստանի էներգետիկ շաբաթի» շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ Երևանում, Ծաղկաձորում, Դիլիջանում և Գյումրիում: