AM
8 December 2023 - 09:28 AMT

Առցանց տաքսիներով ուղևորությունները կհարկվեն, մյուս տաքսիները կարգելվեն

Հայաստանում առցանց տաքսիներով ուղևորությունը կհարկվի, իսկ նման հարթակներում չգրանցված տաքսիները կարգելվեն: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվել է 56 կողմ, 6 դեմ և 17 ձեռնպահ ձայներով:

Տաքսի-ընկերությունները պետք է իրենց ծրագրում փոփոխություններ կատարեն, որոնք թույլ կտան ուղևորներին էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ տրամադրել։ Դրա շնորհիվ տաքսի ծառայությունների շրջանառությունը կգրանցվի հարկային ծառայությունում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Բացի այդ, յուրաքանչյուր ուղևորության համար կսահմանվի պետական տուրք, որը կանխիկ և անկանխիկ վճարման դեպքում տարբեր կլինի։

Կանխիկ վճարման դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից տուրքը կսահմանվի 2%, 2025 թվականի հունվարի 1-ից՝3․5%, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից՝ 5%, անկանխիկ վճարման դեպքում ՝ համապատասխանաբար 1․5%, 2․5% և 4%: Այս վճարումները հարկային ծառայությանը կփոխանցեն տաքսի-ընկերությունները, այլ ոչ թե վարորդները:

Բացի այդ, իրենց բիզնեսը վարելու իրավունքի համար ընկերությունները տարեկան 1 մլն դրամ (մոտ 2․5 հազար դոլար) տուրք կվճարեն։

Օրինագիծը ներկայացնելիս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Բաբկեն Թունյանը հայտարարել է, որ ապագայում հնարավոր է քննարկվի վարորդներին և նրանց մեքենաներին ներկայացվող նվազագույն պահանջների հարցը (ներկայումս այդ պահանջները թողնվել են ընկերությունների հայեցողությանը, բայց հնարավոր է` դրանք սահմանվեն նաև օրենքով կամ կառավարության որոշմամբ):

Վերջին տարիներին Հայաստանում, հատկապես Երևանում, տաքսիների մեծ մասն անցել է առցանց հարթակներ, որոնց միջոցով ավելի հեշտ է պատվերներ ստանալ: