AM
11 December 2023 - 09:15 AMT

Թունյան․ 1 մլն դրամ տուրքը տաքսի վարողներին չի վերաբերում, միայն օպերատորներին

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով նախորդ շաբաթ ընդունված ավտոմոբիլային տրանսպորտի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, որով որոշակի փոփոխություններ են սահմանվում տաքսի ծառայությունների, մասնավորապես օնլայն տաքսիների համար, նշել է, որ բազմաթիվ նամակներ ու զանգեր է ստանում, հայտնում է «Հայկական ժամանակը»։

«Պատճառը չգիտեմ՝ ինչն է, բայց այդտեղ թյուրըմբռնումէ եղել, որ մենք յուրաքանչյուր տաքսի շահագործողի համար 1 միլիոն դրամ տուրք ենք սահմանում, նման բան չկա:

1 միլիոն դրամ տուրք է սահմանվում միայն օպերատորների համար տարեկան մեկ անգամ, իսկ յուրաքանչյուր տաքսի շահագործող ընդամենը իր ամեն պատվերից 2-3 տոկոսի չափով տուրք է վճարելու, որն ավտոմատ գանձվելու է: Այսինքն՝ այդ 1 միլիոն դրամ տուրքը մեր տաքսի վարող համաքաղաքացիներին չի վերաբերում, ու նման խոսակցությունները իրականության հետ կապ չունեն»,- ընդգծել է պատգամավորը:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծ է ընդունվել, ըստ որի Հայաստանում առցանց տաքսիներով ուղևորությունը կհարկվի, իսկ նման հարթակներում չգրանցված տաքսիները կարգելվեն։