AM
12 December 2023 - 11:45 AMT

Փաշինյան․ Ձուկ կարող ենք այլ տեղից ձեռք բերել, բայց ջուր՝ ոչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարությունում գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ անդրադարձել է նաև ձկնաբուծարանների գործունեության նոր կարգին, որն առաջացրել է տնտեսվարողների դժգոհությանը։ Նա նշել է, որ ձուկ կարող ենք այլ տեղից ձեռք բերել, բայց ջուր՝ ոչ։

Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները դեկտեմբերի 11–ին բողոքի էին դուրս եկել կառավարության մոտ՝ պահանջելով հետաձգել Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն ստորգետնյա հորատանցքերից ջուր ստացող ձկնաբուծարանները պետք է օգտագործեն ջրի շրջանառության խնայող համակարգեր։

«Ակնհայտ է, որ մենք պետք է հետևողական լինենք, չենք կարող մեր քաղաքականությունները հետ ու առաջ անել, մենք պետք է գնանք առաջ: Դա էլ է հարց՝ մենք որքան ջուր ենք վատնում՝ որքան ձուկ արտադրելու համար, և այդ բալանսն ինչ արժե: Մեկ այլ բան ասեմ. եթե մեզ ձուկ անհրաժեշտ լինի՝ մենք կարող ենք այլ տեղից ձեռք բերել, բայց եթե մեզ ջուր անհրաժեշտ լինի, մենք չենք կարող այլ տեղից այն բերել: Եվ սա ազգային անվտանգության հարց է»,–ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ ջուրը խնայելն ազգային անվտանգության հարց է։

Անդրադառնալով Սևանա լճից ապօրինի ձկնորսության դեմ պայքարի աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Շրջակա միջավայրի նախարարության և ՆԳՆ-ի ջրային պարեկային ծառայության սերտ համագործակցությունը:

«Այստեղ շատ կարևոր եմ համարում մարդկանց հետ խոսելը, հաղորդակցությունը, որ իրենք հասկանան մեր մոտիվացիաները՝ մենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում և գործընթացի վերջնական շահառուն ով է: Մարդիկ պետք է հասկանան, որ հենց իրենք են գործընթացի վերջնական շահառուն և մյուս կողմից էլ պետք է ամեն ինչ արվի օրինական ճանապարհով»,- ասել է վարչապետը:

Վարչապետին զեկուցվել է, որ ընթացիկ տարում մշակվել են առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը՝ փորձարկվել է ջրաչափիչ սարքերի հարթակը՝ 2024թ. հունվարի 1-ից սահմանված օրենսդրական պահանջն ապահովելու համար: Ըստ ջրառի կետերի շուրջ 5000 տեղադրման ենթակա ջրաչափիչ սարքերից ներկայումս ընդհանուր առմամբ տեղադրվել և կնքվել է 520-ը, որից 210-ը՝ հաշվետու տարում: Ջրային օրենսգիրքը լրացվել է փակ շրջանառու համակարգ հասկացությամբ և լիազորվել է կառավարությանը մշակել կարգ, մշակվել է փակ շրջանառու համակարգի ներդրման կարգը։ Նշվել է, որ բոլոր կարգավորումների վերաբերյալ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը տեղադրման պահանջի մասին ծանուցվել են բոլոր ջրօգտագործողները (շուրջ 748)։

2023-ի մայիսից՝ 1 տարի ժամկետով, մեկնարկել են ջրային պետական կադաստրի թարմացման և վերազինման աշխատանքները։