«Ռոսատոմը» կարող է Երևանի «Նաիրիտ» նախկին քիմկոմբինատի տարածքի ռեկուլտիվացման աշխատանքներ սկսել, հենց որ հայկական կողմը համապատասխան ցանկություն հայտնի։ Այդ մասին հայտնել է «Ռոսատոմի» բնապահպանության ոլորտում պետական և ոլորտային ծրագրերի իրականացման գծով տնօրեն Անդրեյ Լեբեդևը:
Նա նշել է, որ նախնական հայեցակարգն արդեն փոխանցվել է ՀՀ իշխանություններին, գրում է ՏԱՍՍ–ը։
«Հայկական կողմի դիմումով 2022–ին մենք ձեռնամուխ եղանք այդ հարցի մշակմանը։ Երևան կատարած այցի ընթացքում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել կարճ ժամանակահատվածում իրականացված մեծ աշխատանքի արդյունքների վերաբերյալ վերլուծական հաշվետվությունը: Եվ մենք, մեր կառավարության համապատասխան հանձնարարականների դեպքում, հայկական կողմից հետագա ուշադրության և հարցման դեպքում, իհարկե, կզբաղվենք այդ խնդրով»,-ասել է Լեբեդևը:
Նա ընդգծել է, որ ռուս մասնագետները գույքագրել են ոչ միայն այն թափոնները, որոնք կուտակվել են նախկին քիմկոմբինատի տարածքում, այլև տարբեր առաջարկներ են ներկայացրել հարփակի զարգացման վերաբերյալ երբ այն արդեն անվտանգ կլինի։
ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության առաջատարներից մեկը՝ «Նաիրիտը», կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ, սակայն, 1989 թվականին բնապահպանական շարժման ճնշման արդյունքում «Նաիրիտը» փակվեց: Ձեռնարկության տարածքում մնացել է մոտ 13, 000 տոննա վտանգավոր թափոն: