AM
19 December 2023 - 10:39 AMT

Ժամանակավոր ներմուծված մեքենաների մաքսազերծման ժամկետի երկարացում չի նախատեսվում

ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստան ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մաքսազերծման ժամկետի երկարացում կամ աջակցության ծրագրի առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվելու, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

«Կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է որոշմամբ սահմանված ժամկետում՝ մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, մաքսազերծել ֆիզիկական անձանց կողմից մինչև սույն թվականի դեկտեմբերի 4-ը ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, քանի որ ժամկետների երկարացում կամ աջակցության ծրագրի առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվելու։

Միաժամանակ, խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին, քանի որ համացանցի տարբեր հարթակներում և խմբերում անհայտ անձանց կողմից տարածվում են բողոքներ կազմակերպելու կոչեր և կեղծ խոստումներ՝ աջակցության ծրագրի առավել բարենպաստ պայմաններ ապահովելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Կառավարության 30.11.2023թ. թիվ 2076-Ն որոշման ուժի մեջ մտելուց հետո արդեն իսկ մաքսազերծվել է ժամանակավոր ներմուծված 1700 թեթև մարդատար տրանսպորտային միջոց։

Կառավարության նոյեմբերի 30-ի որոշմամբ նախատեսվել է միասնական դրույքաչափով վճարվող մաքսատուրքերի և հարկերի մասնակի փոխհատուցում տալ Հայաստանի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրների այն քաղաքացիներին, որոնք մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար տրանսպորտային միջոց և դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կմաքսազերծեն դրանք:

Ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, դեկտեմբերի 18-ից սկսած հնարավոր կլինի մաքսազերծել նաև մայրաքաղաք Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն-վարչությունում, Վանաձոր քաղաքի Արևելյան մաքսատուն-վարչությունում և Սիսիան քաղաքի Հարավային մաքսատուն-վարչությունում: