Հայաստանի կառավարությունն իրականացնում է միջոցառումներ`ուղղված երիտասարդ ընտանիքների հիփոթեքային վարկերի հասանելիությանը, երեքշաբթի լրագրողներին հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Հիփոթեքային վարկերը հասանելի կդառնան երիտասարդ ընտանիքներին, երբ նրանք առաջին հերթին աշխատանք կունենան, երկրորդ հերթին, եթե այդ աշխատանքը նրանց բավական եկամուտ բերի, իր հերթին կառավարությունը բոլոր միջոցները կձեռնարկի, որպեսզի հիփոթեքային վարկերը մատչելի լինեն»,- ասել է նա:
Դրա հետ կապված կառավարության ղեկավարը նշել է, որ հիփոթեքային վարկերի հասանելիության համար անհրաժեշտ է մեծացնել դրանց մարման ժամկետները: «Եթե բանկերը հիմա վարկեր են տրամադրում 10-15 տարով, ապա այդ շրջանը պետք է երկարացվի մինչեւ 20-25 տարի, ինչն իր հերթին կհանգեցնի երիտասարդ ընտանիքների շատացմանը, որոնք ցանկանում են վարկ վերցնել»,- ասել է նա: Երկրորդ հերթին, Սարգսյանի կարծիքով անհրաժեշտ է նաեւ նվազեցնել հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը, որպեսզի նվազեցնեն երիտասարդների վրա հիփոթեքային ծանրաբեռնվածությունը: Սարգսյանը նշեց, որ դրա համար պետք է գտնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ, այդ թվում կոմբանկերի եւ հիփոթեքային ֆոնդերի համար: «Այդ նպատակով մենք լրացուցիչ միջոցներ ձեռք բերելու համար բանակցություններ ենք վարում մեր գերմանացի գործընկերների, Համաշխարհային բանկի հետ, բացի դրանից կառավարության սեփական միջոցները նույնպես կուղորդվեն հիփոթեքային վարկավորմանը»,- ասել է Սարգսյանը:
Վարչապետն ավելացրել է, որ առաջիկա տարիներին կառավարության ջանքերն ուղղվելու են իրավիճակի լավացմանը եւ առաջին հերթին երիտասարդ ընտանիքների հիփոթեքային վարկավորմանը: