Տաքսի ծառայության մատուցման ոլորտի կարգավորման նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ, որի գործարկումը նախատեսվում է 2024-ի սեպտեմբերի 1-ից: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են Պետական եկամուտների կոմիտեում, ուր նա այցելել էր 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով
Պետական եկամուտների կոմիտեն նախորդ տարի ստացել է «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր» ISO/IEC 27001-2013 ստանդարտի միջազգային հավաստագիր:
Ներկայացվել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացը, զեկուցվել է, որ համակարգի ծրագրավորման աշխատանքները նախատեսվում է ավարտել մարտին: Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձը եկամտային հարկի գումարից կարող է ստանալ փոխհատուցում՝ իր և ընտանիքի անդամների համար կրթական և առողջապահական ոլորտներում կատարած սոցիալական ծախսից:
Հարկային և մաքսային մարմիններում զուգահեռաբար ներդրվել և կատարելագործվել են նաև մի շարք էլեկտրոնային հարթակներ, այդ թվում՝ մաքսային իրավախախտումների միասնական շտեմարանը, հետբացթողումային ստուգումների համակարգը, ծանուցումների համակարգը, e-invoicing նոր համակարգը, որտեղ ստեղծված են հաշվարկային փաստաթղթերը դուրս գրելու առավել հարմարավետ գործիքներ: Ներդրվել է նաև տրանսֆերային գնագոյացման հաշվառման համակարգը․ վարչարարությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի անօրինական ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով և փոխանցելով անհատ վարորդներին, կարգավորում են իրենց հարթակներով ուղևորափոխադրման սակագները, սահմանում են փոխադրման պահանջներ՝ առանց հարկային պարտավորությունների և վերահսկողության:
Առկա խնդիրները կարգավորելու և օրենսդրական բացերը լրացնելու նպատակով մշակված օրենսդրական փաթեթով առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակներով ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը՝ որպես ծանուցման ենթակա գործունեություն։