AM
5 May 2009 - 16:32 AMT

Հայաստանի Կենտրոնական բանկը մտադիր չէ նվազեցնել վերաֆինանսավորման դրույքը

Հայաստանի Կենտրոնական բանկը մտադիր չէ նվազեցնել վերաֆինանսավորման դրույքը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: «Ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում, քանի որ մենք դեռեւս չունենք այնպիաի դեֆլյացիա, ինչպես մյուս երկրներում»,-ասել է նա: Նրա խոսքերով, շատ երկրներում կենտրոնական բանկերը նվազեցնում են վերաֆինանսավորման դրույքն ուժեղ գնանկումային ճնշումների պատճառով:

«Մենք սղաճային ճնշումներ էինք ակնկալում մարտ ամսին ԿԲ-ի կողմից արժութային ճշտումների առնչությամբ: Սակայն համաշխարհային դեֆլյացիոն ճնշումներն ու պահանջարկի նվազումը հանգեցրին նրան, որ ապրիլին Հայաստանում գրանցվեց 3,2 տոկոսանոց սղաճ»,-ասել է Ջավադյանը: Այս կապակցությամբ նա նշել է, որ վերաֆինանսավորման դրույթի նվազման անհրաժեշտությունը պայմանավորված կլինի համաշխարհային ճգնաժամի հետագա զարգացմամբ, այդ թվում երկրում սղաճի մակարդակով, մակրոտնտեսական ցուցանիշներով եւ մի շարք այլ գործոններով:

Իր հերթին ԿԲ հասարակության հետ կապերի վարչության ղեկավար Զարուհի Բարսեղյանը հավելել է, որ այս հարցը քննարկվում է ԿԲ Խորհրդում ամեն ամիս:

ԿԲ Խորհուրդը ապրիլի 7-ին որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման դրույքը 0,25-ով, հասցնելով այն 7,5 տոկոսի:

ՀՀ ԿԲ-ն մարտի 3-ին հայտարարել է լողացող կուրսի քաղաքականությանը վերադառնալու մասին: Ըստ ԿԲ մասնագետների, փոխարժեքի միջին կուրսը 2009 թվականին ակնկալվում է ԱՄՆ 1 դոլարի դիմաց 360-380 դրամի սահմաններում: