AM
29 January 2024 - 14:59 AMT

«Ռոսատոմի» ղեկավար․ ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ատոմային էներգետիկայի զարգացման ձևաչափի հարցում

ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, անդրադառնալով միջուկային էներգետիկայի ոլորտում այլ երկրների հետ համագործակցությանը, ասել է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման ձևաչափի հարցում։ Այդ մասին «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում։

«Հայաստանը պետք է առավելագույնը 1․5-2 տարվա ընթացքում որոշի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափը։ Հայաստանը վաղուց ատոմային էներգետիկայի ակումբի անդամ է», – ասել է Լիխաչովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով կառավարությունը 65 մլն դոլարի պայմանագիր կկնքի ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ։ Ակնկալվում է, որ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը հնարավոր կլինի անվտանգ շահագործել մինչև 2036 թվականը։

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդել այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։

Հայաստանը դեռևս 2000-ականների սկզբին է հայտարարել նոր ատոմակայան կառուցելու մտադրության մասին, որի համար կպահանջվի ավելի քան 5 մլրդ դոլար։