ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ ասել է, որ ուժեղ և մարտունակ բանակը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության ապահովման կարևորագույն գործոններից է:
ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կարևորել է բանակում իրականացվող բարեփոխումները՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայտնում է Sputnik Արմենիան։
Հարությունյանը նշել է նաև Ռուսաստանի դերը ՀՀ ԶՈւ ձևավորման գործում, ինչպես նաև անդրադարձել պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը:
Ընդունելությանը ներկա էին ՌԴ ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչներ, Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ռազմական կցորդներ, Հայ առաքելական եկեղեցու և համայնքի ներկայացուցիչներ: