AM
23 February 2024 - 11:13 AMT

Փաշինյան․ Արտագնա աշխատանքի մեկնողները հաշվե՞լ են՝ ճանապարհների կառուցմամբ ինչքան պակաս գումար են տալիս տեխսպասարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնորղների հարկման հետ կապված բողոքներին, հիշեցրել է, որ 2018 թվականից մինչև այսօր Գեղարքունիքի մարզում 452 կմ ճանապարհ է կառուցվել՝ միայն պետական ծրագրերով։

«Արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները հաշվե՞լ են, թե էս ճանապարհների կառուցման արդյունքում իրենք ինչքան պակաս գումար են տալիս ավտոտեխսպասարկման համար, ինչքան պակաս ավտոպահեստամաս են ձեռք բերում և այլն և այսպես շարունակ»,- հայտարարել է Փաշինյանը, գրում է Panorama.am-ը։

Այդ մասին նա ասել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի քննարկման ժամանակ։

Նա ասել է, որ երկրում շարունակում է մնալ ստվերային տնտեսությունը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների դժգոհություններին, ասել է, որ կկարողանան որոշակի օրենսդրական փոփոխություններով հիմա մեղմել, վերացնել այս ազդեցությունները և գնալ փուլային տարբերակով հայտարարագրման համակարգի սահուն ներդրման ուղղությամբ։

«Ստվերային տնտեսության մեջ մենք պետք է նկատի ունենանք նաև այն դեպքերը, երբ մենք գործ ունենք դեպքերի հետ, որ հարկային վարչարարություն չենք իրականացրել, որն օրենքով նախատեսված էր, բայց դե ֆակտո չէր իրականացվում»,- ասել է Փաշինյանը և հայտնել, որ ՀՀ-ի 21 հազար քաղաքացի արդեն հայտարարագրել են, որ իրենք վարձով բնակարան են տալիս

Ռուստամ Բադասյանը ճշտել է, որ15 հազար քաղաքացի ներկայացրել են 21 հազար հայտարարություն, որոնց 90%-ից ավելը նախկինում չեն հայտարարագրել։

Փետրվարի 21–ին «խոպանչիները» փակել էին Երևան–Մարտունի ճանապարհը և բողոքում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օրենսդրական փոփոխությունների դեմ։ Համաձայն այդ փոփոխությունների` արտագնա աշխատանքի մեկնողներն այլ պետություններում ստացած եկամտից պետք է Հայաստանում եկամտային հարկ վճարեն։ «Խոպանչիները» վերջին օրերին են ծանուցում ստացել, որ իրենք պետք է հարկվեն: