AM
18 June 2002 - 15:15 AMT

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՄՈԶՎԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովի անդամները համոզվել են Հայկական ատոմակայանի անվտանգության մեջ: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ խորհրդարանի առողջապահության, բնապահպանության եւ սոցիալական խնդիրների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը` մեկնաբանելով ԵԽԽՎ հանձնաժողովի հունիսի 13-15-ին Երեւանում կայացած արտագնա նիստի արդյունքները: Նա նշել է, որ հանձնաժողովի անդամներն անձամբ համոզվել են կայանում ռադիոակտիվ ֆոնի բացակայության մեջ: «Այցելելով ռադիոակտիվ նյութերի հորման տեղը, եվրոպական խորհրդարանականները համոզվել են, որ Հայկական ատոմակայանի անվտանգության անբավարարության աստիճանի մասին Ադրբեջանի արված հայտարարությունները անհիմն են»,- ասել է Թադեւոսյանը: Նա նշել է, որ վիճաբանությունները ՀԱԷԿ-ի փակման շուրջ ունեն ավելի շատ «տնտեսա-քաղաքական, քան բնապահպանական բնույթ»:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: