Հայաստանը, հաշվի առնելով նրա աշխարհաքաղաքական դիրքը տարածաշրջանում, կարող է հատուկ տեղ գրավել Հյուսիս-Հարավ եւ Արեւմուտք-Արեւելք խաչմերուկներում: Այդ մասին հայտնել է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը` օրերս ելույթ ունենալով Թեհրանում ընթացող «Իրան տրանզիտ-2002» միջազգային համաժողովին: Ըստ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայության, Բեգլարյանը հատուկ նշել է ՏՐԱՍԵԿԱ եւ «Հյուսիս-Հարավ» միջանցքների կարեւորությունը Հայաստանի համար: Նրա խոսքերով` այսօր Հայաստան-Իրան տրանսպորտային կապը ապահովվում է միայն ավտոմեքենաների միջոցով: Միեւնույն ժամանակ, նա նշել է այլ տրանսպորտային տեսակների օգտագործման հնարավորության կարեւորությունը: Երկու երկրների տարանցիկության հնարավորության ավելի արդյունավետ օգտագործման նպատակով, Բեգլարյանն առաջարկել է կիրառել հատուկ զեղչեր այն բեռների համար, որոնք ուղարկվում են Իրան եւ Իրանից Վրաստանի եւ Հայաստանի տարածքներով, ինչը թույլ կտա կտրուկ մեծացնել բեռնատեղափոխման ծավալը:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: