AM
11 May 2009 - 11:27 AMT

Ինեկոբանկ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում

Մայիսի 11-ին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կողմից թողարկված զեղչատոկոսային պարտատոմսերն ընգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի Bbond ցուցակ: Ցուցակված թողարկումը ներառում է յուրաքանչյուրը 50 000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 365 օր մարման ժամկետով եւ տարեկան 9.5% եկամտաբերությամբ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի 7,000 պարտատոմս: Թողարկմանը շնորհվել է ENECB1 բորսայական հապավումը: Այդ մասին խոսվում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի հաղորդագրությունում:

Ինեկոբանկը ստեղծվել է 1996թ.-ի փետրվարին եւ ներկայումս բանկային ծառայություններ է մատուցում իր գլխամասային գրասենյակի, ինչպես նաեւ Երեւանում ու ՀՀ մարզերում բացված մասնաճյուղերի միջոցով:

Ինեկոբանկի խոշորագույն բաժնետերերից են Kfw բանկային խմբի անդամ գերմանական ներդրումային DEG ընկերությունը (Deutsche Investitions- Und Entwicklungsgesellschaft) եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան:

2009թ.-ի առաջին եռամսյակի վերջում Ինեկոբանկի ընդհանուր կապիտալը կազմել է մոտ 9.36 մլրդ ՀՀ դրամ, իսկ ակտիվների ընդհանուր մեծությունը գերազանցել է 48.4 մլրդ ՀՀ դրամը:

2009թ.-ի փետրվարից Ինեկոբանկը հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի անդամ` հնարավորություն ունենալով գործարքներ իրականացնել բորսայի բոլոր, այդ թվում` կորպորատիվ եւ պետական պարտատոմսերի, ՌԵՊՈ գործիքների եւ արտարժույթի հարթակներում:

NASDAQ OMX Group, Inc.-ը աշխարհի խոշորագույն բորսային օպերատորն է: Ընկերությունը ներկայացնում է բորսային առեւտրի կազմակերպման ծառայություններ եւ ամբողջ աշխարհում բորսային տեխնոլոգիաների ներմուծմամբ: NASDAQ OMX-ը նաեւ արժեթղթերի քանակով առաջատար է, որոնք անցել են ցուցակման գործընթացը նրա բորսային հարթակներում. տվյալ պահին նրանց թիվը գերազանցում է 3.900-ը եւ շարունակում է աճել: NASDAQ OMX տեխնոլոգիան ապահովում է ավելի քան 60 բորսաների, կլիրինգային կազմակերպությունների եւ կենտրոնական դեպոզիտարների գործունեությունն ավելի քան 50 երկրներում:

2008-ի հունվարին սկանդինավյան բորսային օպերատոր OMX Group-ը ձեռք է բերել Հայկական ֆոնդային բորսայի (ՀՖԴ) եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100 տոկոսը: 2008-ի փետրվարին NASDAQ եւ OMX ընկերությունների միավորումից հետո ՀՖԴ եւ ՀԿԴ բաժնետեր է դարձել NASDAQ OMX Group, Inc.-ը:

2009-ի հունվարի 27-ից «Հայկական ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: