Հայաստանի և Իրանի միջև` Արաքս գետի վրա, 2-րդ կամուրջ կառուցելու հարցով աշխատանքային խումբ կստեղծվի։ Կամրջի կառուցման թեման քննարկվել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պաշտոնյաների հետ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Քննարկմանը մասնակցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, փոխտնօրեն Կարեն Բադալյանը‚ հիմնադրամի այլ ներկայացուցիչներ։
Նշվել է, որ հաշվի առնելով ՀՀ-ԻԻՀ սահմանը հատող մեքենաների թվի աճը, ինչպես նաև Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման և արդիականացման արդյունքում ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների կանխատեսվող աճի արագ տեմպերը՝ առաջացել է Հայաստանի և Իրանի միջև երկրորդ կամրջի կառուցման անհրաժեշտություն։
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկել են կամրջի կառուցման ծրագիրը մշակելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը։
Հայկական կողմն ուղարկել է հայ մասնագետների առաջարկվող ցանկը՝ աշխատանքային խմբում ներգրավելու համար։ Ստեղծվելիք աշխատանքային խումբը կքննարկի և կմշակի կամրջի կառուցման կոնցեպտը։
Հայաստանի և Իրանի միջև գործող կամուրջը կառուցվել է 1995 թվականին։