4Future Banking միջազգային համաժողովը Հայաստանում էր համախմբել աշխարհի առաջատար բանկերի մոտ 150 փորձագետի, ովքեր կիսվեցին իրենց փորձով ու գիտելիքներով մշտապես զարգացող բանկային ոլորտի վերաբերյալ: Միջոցառման ընթացքում Team Solutions ընկերությունը ներկայացրել է կոնտակտային կենտրոններին ամբողջական լուծում տրամադրող Zangezor պրոդուկտը։
Ծանոթացնելով ընկերության գործունեության ուղղություններին՝ Team Solutions ընկերության տնօրեն Տաթևիկ Ավագյանը նշել է, որ իրենք մասնագիտացած են պետական կառավարման էլեկտրոնային համակարգերի և մասնավոր ոլորտին ուղղված ծրագրային լուծումների մշակման մեջ։
Ի թիվս բազմաթիվ իրականացրած և ընթացիկ նախագծերի՝ ընկերությունը մշակում է նաև սեփական պրոդուկտները, որոնց շարքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում Զանգեզորը։ Վերջինս զանգերի, էլեկտրոնային նամակների, կարճ հաղորդագրությունների և շուտով նաև սոցիալական հարթակներից ստացված հաղորդագրությունների մշակման ու սպասարկման միասնական համակարգ է, որն դյուրինացնում է ծառայություն մատուցող կազմակերպությունների սպասարկման գործընթացը՝ հաճախորդներին հնարավորինս արագ և համապարփակ արձագանք տալով։
«Համակարգի ճկունությունը հնարավորություն է տալիս Զանգեզորը հարմարացնել ցանկացած ոլորտի ընկերության բիզնես գործընթացներին, ինչպես նաև ինտեգրել ընկերության ներքին համակարգերի հետ՝ էականորեն բարձրացնելով հաճախորդների սպասարկման արդյունավետությունը»,- ասել է ծրագրի ղեկավար Լիանա Տեր-Ավետիսյանը։
«Հաշվի առնելով մեր օրերում տեխնոլոգիական ոլորտի աննախադեպ զարգացումները, բնականաբար մենք ևս փորձում ենք ժամանակին համահունչ զարգացնել պրոդուկտը և մեր հաճախորդների համար ապահովել նորարարական լուծումներ։ Առաջիկայում ցանկանում ենք դուրս գալ նաև միջազգային շուկա»,- հավելել է Տաթևիկ Ավագյանը:
Ներկայումս փորձարկման փուլում է գտնվում նաև արհեստական բանականության գործիքակազմի ներդրումը համակարգում։
4Future Banking միջոցառումը ոլորտի մասնագետների համար ծառայել է որպես հարթակ՝ մտքեր փոխանակելու, զարգացող միտումները քննարկելու և թվային դարաշրջանում հաճախորդների զարգացող պահանջները բավարարելու նորարար մոտեցումներ ուսումնասիրելու համար:
Պանելային քննարկման և ելույթների ժամանակ խոսնակներն անդրադարձել են այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսիք են հաճախորդների ֆիզիկական և թվային փորձառությունների միջև հավասարակշռությունը, թվային դարաշրջանում հաճախորդների հավատարմության ապահովումը, հաճախորդների հետ կայուն հարաբերությունների պահպանումը և այլն։
Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս։